Ֆրանսիայի արքաների թագը զարդարած ադամանդը աճուրդում վաճառվել է 14,5 մլն դոլարով
Ավելի քան երկու դար Ֆրանսիայի միապետների թագերը զարդարած «Մեծն Մազարինի» ադամանդը նոյեմբերի 14-ին Ժնեւում Christie՚s-h աճուրդում վաճառվել է 14,5 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը:
19 կարատ քաշով նշանավոր վարդագույն ադամանդի արժեքը սկզբնապես գնահատվում էր 6-9 մլն դոլար, բայց արդյունքում այն վաճառվել է կրկնակի մեծ գումարով:
Թանկարժեք քարի նոր սեփականատերը ցանկացել է անհայտ մնալ: Ադամանդը պատկանում էր 17-րդ դարի իտալացի կարդինալ եւ դիվանագետ Ջուլիո Մազարինիին, որը, ինչպես պնդում են պատմաբանները, իր մահվանից ոչ շատ առաջ թանկարժեք քարը հանձնել է Լյուդովիկոս 14-րդին:
Մեծն «արեւ-արքան» դրանով զարդարել է իր թագը: Ավելի ուշ ադամանդը զարդարել է Լյուդովիկոս 15-րդի, այնուհետեւ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներում գլխատված Լյուդովիկոս 16-րդի, Լյուդովիկոս 18-րդի եւ Ֆրանսիայի վերջին միապետ Նապոլեոն Երրորդի թագերը:
Առաջին անգամ ադամանդն աճուրդի է հանվել 1887 թվականին՝ Ֆրանսիայում Երկրորդ կայսրության անկումից 17 տարի անց, երբ աճուրդով վաճառվեցին տապալված կայսեր թանկարժեք իրերը: Մինչ այժմ վարդագույն ադամանդը պատկանել է մասնավոր հավաքորդի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: