«Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը նույնիսկ ուշացած է». Հովակիմ Զաքարյան

168.am-ի զրուցակիցն է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը

Պարոն Զաքարյան, ինչպես հայտնի է, Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերից կներդրվի մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը: Դուք ինչպե՞ս եք գնահատում նախարարության այս նախաձեռնությունը: Ի՞նչ կարող եք ասել դրա արդյունավետության և ռիսկերի մասին:

– Այսօր առկա պատվաստանյութերն առաջացնում են իմունիտետ առնվազն մարդու պապիլոմա վիրուս 16-ի և 18-ի նկատմամբ: Կան նաև քառավալենտ պատվաստանյութեր: Այս երկու տեսակի պապիլոմա վիրուսները համարվում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնները: Բացի այդ, նշված վիրուսները կարող են սեռական այլ օրգանների քաղցկեղի պատճառ հանդիսանալ:

Հայաստանի համար քաղցկեղն ազգային անվտանգության խնդիր է դարձել, քանի որ քաղցկեղի մի շարք տեսակների մահացության աստիճանը Հայաստանում ամենաբարձրն է ամբողջ աշխարհում: Իսկ արգանդի պարանոցի քաղցկեղից ամեն տարի Հայաստանում մահանում է շուրջ 150 հոգի, և գրանցվում են հարյուրավոր նոր դեպքեր: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի բացասական հետևանքներ է թողնում այս հիվանդությունը թե՛ առանձին անհատի, թե՛ նրա շրջապատի և ամբողջ հասարակության վրա: Հետևաբար՝ քաղցկեղի դեմ պետական պայքարի ցանկացած միջոց, որը չի հակասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին, միայն ողջունելի է:

Ինչ վերաբերում է պատվաստման արդյունավետությանը և հնարավոր ռիսկերին, առաջին պատվաստանյութը շուկա է դուրս եկել դեռևս 2006 թվականին, և արդեն 70 երկրում այն օգտագործվում է՝ որպես մասայական պատվաստման համար, գոնե 13-14 տարեկան աղջիկների շրջանում: Մինչ այս պահը ոչ մի կապ պատվաստանյութի և որևէ հիվանդության միջև չի հայտնաբերվել:

Ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է նախաձեռնությունը հիմնավորված հենց այս փուլում, Դուք՝ որպես կենսաբան, որքանո՞վ եք տեսնում դրա անհրաժեշտությունը:

– Կարծում եմ՝ այն նույնիսկ ուշացած է: Հաշվի առնելով այն փաստը, թե Հայաստանում որքան մարդ է ամեն տարի մահանում արգանդի պարանոցի քաղցկեղից, նաև մեր առողջապահության ոլորտի խնդիրները, այդ թվում՝ սկրինինգային ծրագրերի բացակայությունը կամ թերի կատարումը, ապա ցանկացած կանխարգելիչ քայլ դրական ազդեցություն կարող է ունենալ իրավիճակի վրա: Բայց պետք է հասկանալ, որ նման ծրագրերի արդյունավետությունը կախված է հանրային իրազեկման աստիճանից: Եթե հանրությունը տեղյակ չէ, որ այս պատվաստանյութն անվտանգ է, իրազեկված չէ կարևորության մասին, ապա կարող է առաջանալ բացասական վերաբերմունք, և մարդիկ կխուսափեն պատվաստվելուց:

Ինչպես հայտնի է, նաև բազմաթիվ քննադատություններ հնչեցին այս նախաձեռնության վերաբերյալ, խոսվեց այն մասին, որ տարբեր երկրներ հրաժարվել են այդ պատվաստումից, քանի որ դա հակառակ ազեցությունն է ունենում: Ի՞նչ կարող եք ասել այդ մտահոգությունների մասին, ինչքանո՞վ են դրանք հիմնավոր:

– Քննադատությունները, բացասական վերաբերմունքը և նման այլ տրամադրություններն առաջանում են այնտեղ, որտեղ չկա պատշաճ գիտելիք պատվաստանյութերի և պատվաստման մասին: Խոսքս ոչ միայն այս դեպքի մասին է, այլ ընդհանրապես հակապատվաստման շարժման մասին, որը նկատվում է շատ երկրներում:

Ծնողներին հեշտ է վախեցնել տարբեր օրինակներով և պատմություններով, որոնք իրականում ոչ մի կապ չունեն պատվաստման անվտանգության հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված պատվաստանյութերն անցնում են ոչ թե մեկ կամ երկու ստուգում, այլ բազմաթիվ ստուգումներ՝ մինչև որևէ մի երկրում կիրառելը: Տվյալ պատվաստանյութը նույնպես բացառություն չէ:

Այսօր այն լայնորեն օգտագործվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում և շատ այլ երկրներում, և Հայաստանը կլինի հերթական երկիրը, որտեղ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման միջոցով հնարավոր կլինի էապես նվազեցնել այդ վիրուսով պայմանավորված քաղցկեղի տեսակները:

Տեսանյութեր

Լրահոս