«Հուսով եմ՝ մեր և Զարուհի Փոստանջյանի պայքարները մոտ ապագայում կհատվեն իրար, ու մենք միասնական պայքարով հանդես կգանք». Ալեք Ենիգոմշյան

Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը դեռևս աշխատում է ճանապարհային քարտեզի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ իրենք պատրաստվում ենք իշխանափոխություն իրականացնել, որից հետո ձևավորել նոր՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն:

168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է ենթադրում իրենց ճանապարհային քարտեզը, ինչպե՞ս են պատրաստվում իշխանափոխություն անել: Ի պատասխան՝ Ա. Ենիգոմշյանն ասաց, որ չի կարող ասել, որովհետև դա կնշանակի, որ կհրապարակի ճանապարհային քարտեզը՝ այն դեպքում, երբ այն դեռ մշակման փուլում է:

Հիշեցնենք, որ երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ իրենք սկսում են համահայկական ընդվզում:

Խոսելով Զ. Փոստանջյանի նախաձեռնությանը միանալու հավանականության մասին՝ Ա. Ենիգոմշյանը հիշեցրեց, որ Զ. Փոստանջյանն էլ է ասել, որ իր և «Երկիր Ծիրանի» կուսակցության պատկերացմամբ՝ այդ համազգային պայքարի օրը դեռևս հնարավոր չէ հստակ ասել.

Կարդացեք նաև

«Մենք բոլորս համազգային ընդվզման կողմնակից ենք, այդ գիտակցությունը և զորաշարժը, մոբիլիզացիան և ընդվզումը պետք է կազմակերպել: Այդ առումով՝ ես չեմ տեսնում, որ այդ մոտեցման հետ որևէ տարակարծություն կարող ենք ունենալ:

Խնդիրն այն է, թե ի՞նչ անել մինչ այդ համազգային ընդվզման օրը, որ այդ օրն իսկապես դառնա իրականություն:

Հիշեցնեմ, որ Ժիրայր Սէֆիլյանը, երբ կոչով դիմեց, այնտեղ ինքը կոչ էր արել նաև տիկին Փոստանջյանին, բայց նա մերժեց միանալ այս նախաձեռնությանը: Կարծում եմ՝ բոլոր ազնիվ, իսկական ընդդիմադիրները համագործակցելու և՛ հնարավորություն, և՛ պարտականություն ունեն: Վերջին հաշվով, մենք միևնույն նպատակն ենք հետապնդում, հուսով եմ՝ մեր պայքարները, եթե ոչ այսօր, մոտ ապագայում կհատվեն իրար, ու մենք միասնական պայքարով հանդես կգանք»:

Տեսանյութեր

Լրահոս