«Երկիր Ծիրանին» սկսում է համահայկական ընդվզումը. առաջին բողոքի ակցիան կանցկացվի Գլենդելում
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր պաշտոնական կայքը, որի նպատակն է՝ կապ հաստատել աշխարհի բոլոր հայաշատ քաղաքների, հայերի հետ և տեղեկացնել կուսակցության գործողությունների մասին։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կուսակցությունը նախաձեռնել է բողոքի ակցիա ԱՄՆ-ում։ «Գլենդելում նոյեմբերի 26-ին մենք անցկացնելու ենք մեր առաջին քաղաքական միջոցառումը։ Այս հայաշատ քաղաքում մեր հայրենակիցները նույնպես ակնկալում են ներգրավվածություն քաղաքականության մեջ, և իրենց ակնկալիքների համար մենք պատրաստվում ենք այցելել ԱՄՆ և դրանք կյանքի կոչել։ Մենք պատրաստվում ենք նաև մեծ համահայկական ընդվզմանը, որը պետք է ներառի աշխարհի բոլոր հայաշատ քաղաքները։ Հենց մեր այցելության նպատակը ԱՄՆ նաև դա է ենթադրում։ Մենք մեր հայրենակիցներին պետք է ուղղորդենք, որ նրանք նույնպես զբաղվեն Հայաստանում քաղաքական կյանքով, պահանջեն իրենց քաղաքական իրավունքների հարգում, որն այս պահին տեղի չի ունենում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն ունի կիսատ քաղաքական անկախություն։
168.am-ը հետաքրքրվեց, թե կուսակցությունն ինչպե՞ս է տեսնում բարձրացված խնդիրների լուծումը, ի՞նչ քայլեր պետք է արվեն։ Ի պատասխան՝ Փոստանջյանն ասաց, որ պետք է ապամոնտաժել գործող քաղաքական կառուցվածքը, որը, ըստ նրա՝ ավտորիտար է.
«Այս ավտորիտար քաղաքական կառուցվածքի ապամոնտաժումը ենթադրում է մի շարք սահմանադիր օրենքների ընդունում, առանց որի մենք չենք կարող շարժվել առաջ։ Քաղաքական կառուցվածքի տիրույթում են գտնվում այնպիսի սահմանադիր օրենքներ, ինչպիսիք են Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, Գաղտնազերծման մասին օրենքը, այսինքն՝ բաներ, որոնք պարտադիր պետք է լինեն։ Անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացին աշխարհի որ ծայրամասում է ապրում, նա իրավունք ունի ընտրելու և ընտրվելու հանրային իշխանություններում, գործադիր իշխանությունում։ Եթե դա չենք ներդնում, ապա չենք ունենալու ո՛չ մրցունակ կառավարություն, ո՛չ խորհրդարան»։