Ինչպե՞ս վերագտնել ընտանեկան երջանկությունը. Հոգեբանի դիտարկում

Նորաստեղծ ընտանիքում զույգերը հաճախ դժգոհում են, որ իրենց ընտրյալը մինչ ամուսնությունն այլ մարդ էր, իսկ ամուսնությունից հետո՝ լիովին այլ: Արդյո՞ք նման երևույթն իրատեսական է: Ի՞նչ է իրականում կատարվում ամուսինների փոխհարաբերություններում, որ հնարավորություն է տալիս զույգերին նման եզրահանգման գալ: Որպես հոգեբան՝ փորձեմ որոշակի հստակեցում տալ և թվել մի քանի պատճառ, որոնց առկայությունը հանգեցնում է նմանատիպ մտքերի:

Թվում է, թե ֆիզիկապես մեր ընտրյալը նույնն է, սակայն վերաբերմունքի, հանդուրժողականության, սիրո դրսևորման ձևերի տեսանկյունից՝ ասես նրան գլխիվայր փոխած լինեն: Ի՞նչն է պատճառը: Որպես կանոն՝ երիտասարդ զույգերը մինչ ամուսնությունն ապրում են ռոմանտիկ սիրային փուլ, որը հնարավորություն չի տալիս նկատել շատ մանրուքներ: Սակայն միասնական կյանք սկսելուց որոշակի ժամանակ անց դրանք սկսում են նկատելի դառնալ: Խոսեմ ամուսնական կյանքի մի քանի կարևոր փուլերի մասին, որոնք անհրաժեշտ է կարևորել և արդյունքում պահպանել ներդաշնակ փոխհարաբերություններ:

Ամուսնական առաջին տարվա ճգնաժամ

Սա ամենաբնականոն և կանխատեսելի ճգնաժամն է, քանի որ այդ մեկ տարում զույգերը սկսում են հարմարվել միմյանց: Սկսում են հասկանալ և կանոնակարգել կենցաղային, ֆինանսական, կեցության և այլ անձնային հարցեր: Այս փուլում ամենաչնչին հարցը կարող է մեծ վեճի առիթ հանդիսանալ: Հիմնական գործընթացը միմյանց ընդունելն է այնպիսին, ինչպիսին կան, լինել հանդուրժող և ընդառաջ գնալ յուրաքանչյուր քննարկման:

Ամուսնական կյանքի երրորդ տարվա ճգնաժամ

Այս ճգնաժամը զույգերի համատեղ կյանքի ամենաորոշիչ և կարևորագույն փուլերից է: Փոխհարաբերությունների հասկացումն ու հստակեցումը հիմնականում իրականանում է հենց այս երեք տարիների ընթացքում:

Բանն այն է, որ սիրահարվածությունը տևում է գրեթե երեք տարի, իսկ հետո դուք արդեն սկսում եք ռոմանտիզմի փուլից իջնել իրատեսական փուլ, որտեղ կա զուգընկեր, կան նրա արտաքին և ներքին թերությունները, վարքային և հոգեբանական առանձնահատկությունները, որոնք, հնարավոր է, որ չեն համընկնում ձեր տեսակի հետ:

Նման դեպքում խրախուսիչ և ճիշտ մոտեցումը զիջումների գնալն է: Սակայն կան զույգեր, որոնք չեն գնում զիջման և նախընտրում են ամուսնալուծվել՝ անհնար համարելով միասնական կյանքի շարունակումը:

Առաջին երեխայի ճգնաժամ

Կինը հղիության ամբողջ ամիսների ընթացքում իսկական փորձության է ենթարկվում, քանի որ հղիությունը տևում է ինն ամիս, և կինը ստիպված կրում է մեծ ֆիզիկական և հոգեբանական անհարմարություններ և ծանրաբեռնվածություն: Կնոջ մոտ հորմոնային ֆոնի փոփոխումը հանգեցնում է անկայուն հուզական դրսևորումների, նա հաճախ կամակորություններ է անում, նույն պահին և՛ լալիս, և՛ ծիծաղում է, ժամանակի մեծ մասը նվիրում է դեռ չծնված երեխային՝ նվազեցնելով ամուսնուն ուղղված ուշադրությունը:

Երեխայի ծննդից հետո այդ ուշադրությունն էլ ավելի է նվազում, քանի որ տան միակ կարևոր անձը դառնում է նորածինը: Տղամարդն իրեն զգում է լքված և փորձում է նման զգացողությունը կոմպենսացնել կլանված աշխատանքում: Սակայն նման վարքն էլ, իր հերթին՝ կնոջը խանդելու առիթ է տալիս: Ինչպե՞ս շտկել նման իրավիճակը:

Պետք է հիշել, որ երեխայի ծնունդը կնոջ համար մեծ սթրես է: Անհրաժեշտ է պարբերաբար խրախուսել և աջակցել կնոջը՝ չնկատելով նրա կամակորությունները: Կինը նույնպես, երեխայի ծննդից հետո, չպետք է մոռանա ամուսնու գոյության մասին և հնարավորին չափով նվիրի նրան ուշադրություն և խնամք: Պետք է երեխային հաճախակի թողնել հայրիկի խնամքին, միասին գնալ զբոսանքի, միասին անցկացնել ժամանակը: Այս ամենն ավելի ամրացնում և արժևորում է հարաբերությունները:

Միապաղաղության ճգնաժամ

Որպես կանոն, այս ճգնաժամն արտահայտվում է ամուսնության ութերորդ տարում: Այս ժամանակահատվածում ընտանիքում արդեն լինում են երեխաներ և կայուն սովորություններ, աշխատանք կամ այլ զբաղմունք: Երեխաները մեծանում են, հաճախում դպրոց: Ամուսիններին անհանգստացնում են նույն առօրյա խնդիրներն ու հոգսերը: Նրանք արդեն, հնարավոր է, վաղուց չեն այցելել ժամանցային որևէ վայր կամ չեն ստացել գեղեցիկ, սեր արտահայտող ծաղիկներ: Կյանքը կարծես մեխանիկորեն առաջ է գնում, սակայն չկա հոգի, և ամեն բան միապաղաղ է:

 Ինչպե՞ս վարվել

Ակնհայտ է, որ համատեղ տարիների ընթացքում զույգերը հասցրել են շատ լավ ճանաչել միմյանց, և նրանց համատեղ կյանքն ընթանում է՝ ըստ նախագծված սցենարի: Նման հոգու լռությունը պետք է խախտել՝ կյանքը լցնելով անակնկալներով: Ամենագեղեցիկ և գնահատելի քայլը կնոջ համար ծաղիկների առկայությունն է, ինչ-որ հրավերը և երեկոյան ամենագնահատված լինելու զգացողությունը: Փորձեք վերհիշել ամուսնության, ծննդյան օրերն ու դրանք նշեք որևէ ձեզ հասանելի կերպով: Կարևորեք ձեր համատեղ կյանքի ամեն մի սովորույթ, ամեն մի պահ: Կարևոր չէ անակնկալի արժեքն ու տեսքը: Կարևորն անկեղծությունն ու սրտանց կատարած քայլն է, որն անպայման կբերի նոր շունչ, կհաղորդի ներդաշնակություն և կայունություն ընտանեկան կյանքի այդ փուլին:

Հուսամ, այս մի քանի կարևոր շեշտադրումները հնարավորություն կտան ավելի շրջահայաց լինել կողակցի նկատմամբ՝ արժևորելով և՛ ձեր ընտրությունը, և՛ ձեր միասնական կյանքի անկրկնելիությունը:

Տեսանյութեր

Լրահոս