
«Անլուրջ կլինի քննարկել ուռճացված, շոու դարձված որևէ խնդիր». Մարգարիտ Եսայանը՝ «Ծառուկյան» դաշինքի բարձրացրած խնդրի մասին

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրացրեցին փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները, և ԱԺ-ում աժիոտաժ առաջացավ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում էր նիստի օրակարգին վերաբերվող հարցերին անդրադառնալ և անգամ պահանջեց անջատել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսափողը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչներին ինքը ևս հանդիպել է և լսել նրանց խնդիրները.
«Այդ մարդկանց հանդիպել եմ նաև ես, առաջարկել եմ իրենց բողոքները գրավոր ներկայացնել, որպեսզի ես և մեր խմբակցությունը կարողանանք գտնել խնդրի ելքերը: Այդ ժամանակ ԱԺ-ում քննարկվում էր բյուջեն, և ներկա էր նաև ՊԵԿ ղեկավարը, որին մոտեցել եմ և ներկայացրել եմ խնդրիը, ու պարոն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անմիջապես պատասխանել է բոլոր այն հարցերին, որ հնչեցրել էին ՓՄՁ-ների ներկայացուցիչները: Կարծում եմ՝ մենք այստեղ պատրաստ ենք ցանկացած խնդիր քննարկել, բայց անլուրջ կլինի քննարկել ուռճացված, շոու դարձված որևէ խնդիր»: