Լարված մթնոլորտ ԱԺ-ում. Էդուարդ Շարմազանովը պահանջեց անջատել Գևորգ Պետրոսյանի խոսափողը (ուղիղ միացում)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորները Ազգային ժողովում բարձրացրեցին մանր և միջին առևտրով զբաղվողների հարցը՝ հայտարարելով, որ պատկան մարմինները «տեռոր» են իրականացնում ՓՄՁ-ների նկատմամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց խոսել նիստի օրակարգին վերաբերվող հարցերից, սակայն պատգամավորները հայտարարեցին, որ դա շատ ավելի կարևոր խնդիր է:
Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես փորձեց խոսել այդ խնդրի մասին, Է. Շարմազանովը անջատել տվեց նրա խոսափողը.
«Հարգելի քարտուղարություն, անջատեք պարոն Պետրոսյանի խոսափողը»:
Նրա այս պահանջից պատգամավորներ զայրացան ու սկսեցին տեղից բղավել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկ հնչեցրեց օրակարգում մտցնել այդ հարցը. «Ներեցեք, որ ինձ թույլ եմ տալու հիմա ժարգոնային արտահայտություն, բայց պարզապես ցիտում եմ գործող վարչապետին՝ բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, ձեզ որտեղի՞ց այդքան պալիտբյուրո»,-հայտարարեց Տ. Ուրիխանյանը՝ հորդորելով իրենց կողմից բարձրացրած հարցը ևս մտցնել օրակարգ:
Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց, որ օրակարգն արդեն Ազգային ժողովի խորհուրդը որոշել է:
Նույն խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ առաջարկեց ԱԺ խորհրդին արտահերթ նիստ անցկացնել ու հարցը ներառել օրակարգում ու լսել այդ հարցը.
«Մի բան պետք է չմոռանալ, երբ հասարակության մի քանի հազար հոգու հուզող խնդիր կա, ԱԺ-ն այդ խնդրից չպետք է փախչի ու խուսափի: Ինչ-որ մարդկանց ջեբկիրություն անելը թարգել է պետք, վերջացրեք, այ մարդ»:
Է. Շարմազանովն էլ այսպես պատասխանեց պատգամավորին. «50 հազար ստորագրությունը բերեք, «пожалуйста», արտահերթ նիստը անենք, մեռնեմ օրենքին»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հայտարարություններին. «Մենք, իհարկե, մտահոգված ենք տեռորի մասին հայտարարություններով, բնականաբար, դեմ ենք ցանկացած տիպի տեռորի: Այստեղ հնչեցին առաջարկներ՝ ստեղծել հանձնաժողովներ տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ անել, մենք միանշանակ կողմ ենք նման նախաձեռնություններին»: