«Գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա լրջագույն հետևանքների մասին». Նաիրա Զոհրաբյանի ակնարկը՝ վարչապետին
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցություններին են դիմել տարբեր տոնավաճառների մի քանի հազար հայրենակիցներ՝ լուծելու բոլոր խնդիրները, որոնք առկա են:
Նա ասաց, որ ինքն այդ հարցով դիմել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահին և վարչապետին. «ՊԵԿ նախագահից ստացել եմ համապատասխան պատասխան՝ կապված հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ օրենքները և պրակտիկան տարբեր բաներ են: Մենք արձանագրում ենք, որ պետք է դադարեցնել այն, որ տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակներն այն դեպքում, որ մեր առևտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Մենք կարծում ենք, որ իրավունք չունեն օրենքին հակասող խուզարկություն և վարչարարություն իրականացնել: Բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները վրաերթի են ենթարկում տարբեր մարդկանց, և եղել են մի քանի բախումներ, և մենք պետք է վերացնենք այդ ամենը»:
Մ. Մելքումյանը նաև հայտարարեց, որ իրենք պահանջում ենք անհապաղ ստեղծել գազամատակարարման և գազի բաշխման քննիչ հանձնաժողով:
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այն, ինչ արվում է մանր և միջին առևտրով զբաղվող ձեռներեցների հետ, ուղղակի տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն:
«Այն, ինչ անում են պատկան մարմինները, անթույլատրելի է: Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա, բազմաթիվ մոնոպոլիստներ: Կառավարությունը, որ տապալել է իր գործունեությունը, պետք է ճիշտ տեղը իմանա՝ որտեղ պետք է գնա. էն գազի հիման վրա ստեղծած իրենց դղյակները Մոնումենտում, էնդեղ գնացեք ու տեսեք կոռուպցիա, օրինախախտումներ և չարաշահումներ, և ոչ թե փորձեք իրենց ընտանիքը պահող ձեռներցների պայուսակները մտնել: Սա լրջագույն խախտում է, որի վերաբերյալ բարձրաձայնվելու է նաև միջազգային կառույցներում: Մոնոպոլիաների և բյուջեն օրինական ճանապարհով լցնելու տեղերը մենք ցույց ենք տալիս՝ գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա լրջագույն հետևանքների մասին: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին դուրս գալ և հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր դիմել են բոլոր քաղաքական ուժերին: Մի ստիպեք, որ մեր երկրի ամենամարդաշատ տեղը դառնա «Զվարթնոց» օդանավակայանը, և մարդիկ այս կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում համալրեն արտագաղթողների շարքը»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: