«Ես չեմ համարում, որ մեր բուհերը քաղաքականացված են, որովհետև չկա քաղաքականություն». Սամվել Կարաբեկյան
«Ակադեմիական ազատությունների աստիճանը մեր անխտիր բոլոր բուհերում, դասական առումով, եթե 0 չէ, ապա զրոյից աննշան բարձր է, սա ակնհայտ իրողություն է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը:
Նրա խոսքով՝ ակադեմիական ազատության հատկանիշներից մեկը ցանկացած կարծիք ազատ արտահայտելն է, ազատ լինելը՝ անկախ նրանից, թե ում շահերին է դա դիպչում՝ առանց վախենալու, որ դրան կհետևեն որոշակի պատժամիջոցներ.
«Միայն մեկ սահմանափակում կա, որ դու իրավունք չունես անելու այնպիսի հայտարարություններ, որոնց կարող է հետևել քո ներկայացրած հաստատության ֆինանսական բնույթի պարտավորությունները»:
Խոսելով ասուլիսին ներկա ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի այն հայտարարության մասին, որ ինքն ազատ խոսել է տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիաների մասին, ու ԵՊՀ-ի ղեկավարությունից ոչ ոք նրան չի դիմել՝ հորդորով կամ նախազգուշացումով, Ս. Կարաբեկյանն ասաց.
«Այո, ինձ էլ ոչ ոք չի դիմել և չի ասել՝ «այս կարծիքը մի արտահայտի», բայց դա՝ ինձ և ձեզ, որովհետև մենք ոչ միայն դասախոս ենք, այլ մենք ունենք որոշակի հանրայնորեն արտահայտած դիրքորոշում և մենք ճանաչված ենք մեր այս դիրքորոշմամբ:
Հասկանալի է, որ մեզ նման հարցով դիմելու ցանկացած փորձ վտանգ կառաջացնի, որ դա կհանրայնացվի: Այստեղից ավելի կարևոր մի հետևություն՝ մենք քիչ թե շատ ազատ ենք և անկախ՝ շնորհիվ մեր քաղաքացիական դիրքի տեսանելիության: Այստեղից կարելի է հետևել, որ կա ընդամենը մեկ պարզ միջոց՝ որքան դու բաց լինես, համարձակ արտահայտես քո կարծիքը, այնքան պաշտպանված կլինես»:
Բանախոսի խոսքով՝ երևի հիմա ամենաչպաշտպանված խավը կրթական համակարգի դասախոսական կազմն է. «Չպաշտպանված է հենց այն պատճառով, որ մենք չունենք համապատասխան կառույցներ, արհմիություններ: Ակադեմիական ազատությունների հիմնական պաշտպանները լինում են նաև հենց մասնագիտական միությունները: Մենք չունենք համալսարանական դասախոսների միություն, չունենք մասնագիտական պրոֆեսիոնալ ասոցիացիաներ, որոնք պաշտպան կկանգնեն մասնագիտական էթիկային: Հարց է առաջանում ՝ ո՞վ պետք է նախաձեռնի: Ես, օրինակ, հենց հիմա օգտագործելով այս հարթակը՝ կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր այստեղ նստած են, հավաքվել ու նախաձեռնել այդպիսի մի բան»:
Նա նաև անդրադարձավ բուհերի քաղաքականացված լինել-չլինելու խնդրին. «Ես չեմ համարում, որ մեր բուհերը քաղաքականացված են, որովհետև չկա քաղաքականություն: Այն ազդեցությունը, որն ունի իշխանությունը բուհերի վրա, քաղաքական չես կարող անվանել, որովհետև քաղաքականը որոշակի գաղափարախոսության վրա է հիմնված»: