Խաղում եք դուք, շահում է վիճակագրությունը. Ծառայությունների ոլորտի աճի թաքնված «հմայքը»

Ծառայությունների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտներից մեկն է։  Վերջին 10 տարիների տվյալների ամփոփումը ցույց  տալիս, որ ծառայությունների ոլորտի աճը միշտ բարձր է եղել ՀՆԱ-ի աճից։ Այսինքն՝ այս ոլորտն ավելի արագ է աճել, քան ընդհանուր տնտեսությունը։

Դրա արդյունքում՝ եթե 10 տարի առաջ՝ 2007թ., ծառայությունների ծավալը ՀՆԱ-ի 17%-ն էր, 2016 թվականին ոլորտի կշիռը ՀՆԱ-ում 25% է։

Անգամ 2009թ., երբ տնտեսությունն անկում էր ապրել 14%-ով, ծառայությունների ոլորտը 1.6%-անոց աճ գրանցեց։ Բացառություն եղել է միայն 2015թ., երբ ծառայությունների ոլորտի աճն ավելի ցածր է եղել (1.6%), քան ՀՆԱ-ի աճը (3%)։ Փոխարենը՝ 2016 թվականին, երբ տնտեսությունը ընդամենը 0.2% աճ գրանցեց, ծառայությունների ոլորտն աճել է 7.2%-ով։

Այս տարի նույնպես ծառայությունների ոլորտն առաջանցիկ աճ ունի։ Տնտեսական աճը հունվար-սեպտեմբերին 5%-ի սահմաններում է, իսկ ծառայությունների ոլորտի աճը մոտենում է 13%-ի։ Սա, իհարկե, լավ է։ Սակայն, երբ նայում ենք ծառայությունների ոլորտի կառուցվածքին ու փորձում հասկանալ, թե ինչի հաշվին է գրանցվել այս տպավորիչ աճը, մտահոգիչ կետերը միանգամից ի հայտ են գալիս։

Ինչպես տեսնում եք գծապատկեր 2-ում՝ ծառայությունների ոլորտի ընդհանուր ծավալն այս տարիներին աճել է հիմնականում մի խմբի հաշվին, որը կոչվում է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ»։ 2012թ. այս խմբի ծառայությունների ծավալը ընդամենը 52 մլրդ դրամ էր (ընդհանուր ծառայությունների 5.5%-ը), 2016թ. այդ ցուցանիշը գերազանցել է 236 մլրդ դրամը և իր կշռով (18.6%) զիջում է միայն ֆինանսական ոլորտին։

Որպեսզի համեմատությունն ավելի ակնհայտ լինի, ասենք, որ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» խմբի ծավալը 2012 թվականի համեմատ՝ աճել է 4.5 անգամ (ընթացիկ գներով)։ Անշարժ գույքի հետ կապված ծառայություններն այս ընթացքում աճել են 1.6 անգամ, մյուսները՝ ավելի քիչ։

Իսկ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ծառայությունների խմբի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18.1%-ով և կազմել շուրջ 203 մլրդ դրամ։

Ինչո՞վ է սա մտահոգիչ։ Բանն այն է, որ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» մտնում է նաև շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող (խաղատների, բուքմեյքերների և այլն) ընկերությունների  գործունեությունը։ Նախկինում վիճակագրությունը չէր հրապարակում, թե մոլեխաղերի կշիռը որքան է, սակայն կարելի էր ենթադրել, որ աճը պայմանավորված է հենց այդ գործոնով։ 2017թ. հունվար-սեպտեմբերի համար Ազգային վիճակագրական ծառայությունը տվել է նաև «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ծառայությունների խմբի բացվածքը։ Պատկերը շատ ավելի սարսափելի է, քան կարելի էր ենթադրել։

Գծապատկեր 3-ը նայելու և «մարսելու» համար պետք է ամուր նյարդեր ունենալ։ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ծառայությունների խմբի 97%-ը շահումով խաղերն են, որոնց ծավալը 2017-ին կազմել է 196.6 մլրդ դրամ։ Այդ թվում՝ վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպումը 147.1 մլրդ դրամ է, խաղատների գործունեությունը՝ 49 մլրդ դրամ։ Այսինքն, «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» խումբը հանգիստ խղճով կարելի է վերանվանել «Խաղամոլություն և մի քիչ մշակույթ ու սպորտ»։

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ծավալը հունվար-սեպտեմբերին աճել է 18.9%-ով։  Այսինքն՝ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» խմբի աճն ամբողջությամբ պայմանավորված է շահումով խաղերով։ Ծառայությունների ոլորտի տպավորիչ աճն էլ մեծ մասամբ պայմանավորված է հենց այս նույն ոլորտով։

Այնպես որ, երբ ասվում է, որ տնտեսությունն աճում է արդյունաբերության և ծառայությունների հաշվին, պետք է նկատի ունենալ, որ «ծառայություններ» ասվածին պետք է վերապահումով մոտենալ։

Տեսանյութեր

Լրահոս