Բաժիններ՝

Ոչ թե նոր առարկաներ են պետք, այլ սովորելու նոր ձևեր

Հայաստանի կրթական համակարգում բովանդակային փոփոխություններ իրականացնելու հիմնական ձևերից մեկը դասացուցակում նոր առարկաներ ներառելն է։ Մեզ մոտ ավելի շատ կարևորվում է ինչ-որ բաների մասին սովորեցնելը, քան այն, թե ինչ ձևերով ենք սովորեցնում։ Մինչդեռ սովորեցնելու ձևերը, ոճը շատ ավելի ազդեցիկ են, քան բովանդակությունը։ Եթե սովորեցնելու եղանակն արդյունավետ չէ, բովանդակությունը կորում է։ Բացի այդ, նոր առարկաներ ներդնելը շատ ռիսկային քայլ է, քանի որ պահանջում է մասնագետ ուսուցիչների մեծ բանակ, ինչը հնարավոր չէ կարճ ժամանակում ապահովել։ Այլ կերպ ասած՝ խնդիր ունենք դպրոցի օպերացիոն համակարգը փոխելու։

Հայաստանում, վերջին տարիներին, մի քանի միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից, իրականացվում են ծրագրեր, որոնք լուրջ դեր կարող են ունենալ կրթության օպերացիոն համակարգը փոխելու հարցում։ Այդ ծրագրերն ունեն այնպիսի մոտեցումներ, որոնք ավելի մոտ են ժամանակակից աշխարհի պահանջներին։

Դրանցից առաջինը Ջինիշյան հիմնադրամի կողմից իրականացվող Բանավեճի ծրագիրն է։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի բազմաթիվ քաղաքային և գյուղական դպրոցներում։ Ծրագիրն ունի մի քանի փուլ՝ ներդպրոցական, միջդպրոցական և հանրապետական։ Այս ծրագրի շրջանակներում թիմերին նախօրոք տրվում են թեմաներ, որոնց շուրջ անցկացվելու են բանավեճեր։ Թիմերն իրենց ուսուցչի գլխավորությամբ նյութեր են հավաքում, պատրաստում են թեմայի ինչպես՝ կողմ, այնպես էլ՝ դեմ փաստարկներ։

Դա կարևոր է, քանի որ միայն վերջին պահին, վիճակահանության միջոցով են թիմերն իմանում, թե որ դիրքորոշումը պետք է պաշտպանեն։ Աշակերտները սովորում են հարցեր ձևակերպել, ուշադիր լսել մյուս թիմին։ Մի խոսքով, կատարվում է հսկայածավալ աշխատանք, որի ընթացքում աշակերտները զարգացնում են մտածելու հմտություններ, հռետորական ձիրք, համագործակցելու կարողություններ։ Նկատելի է, որ մասնակից երեխաների վրա այս ծրագիրը դրական է ազդում։ Ծրագիրը թույլատրվում է Կրթության և գիտության նախարարության կողմից, բայց դեռևս պետական աջակցություն այս շատ կարևոր ծրագրին չի ցուցաբերվում։

Մյուս ծրագիրը Քաղաքացի նախագիծն է, որն իրականացվում է Civitas կազմակերպության կողմից։ Այս ծրագիրը նախագծային ուսուցման վրա է հիմնված։ Աշակերտների խումբն ընտրում է որևէ թեմա-խնդիր, ուսումնասիրում է այդ թեման, փորձում է հասկանալ, թե ինչպես են այդ խնդիրը լուծում պատասխանատուները։ Այնուհետև աշակերտները փորձում են հասկանալ, թե խնդրի լուծման ինչ այլընտրանքային տարբերակներ կան։ Վերջում խումբն առաջարկում է լուծման իր տարբերակը և հիմնավորում այն։ Այս ծրագիրը նույնպես զարգացնում է մի շարք կարևոր հմտություններ, ինչպիսիք են խնդիրներ ձևակերպելը, դրանք ուսումնասիրելը, այլընտրանքային լուծումներ առաջարկելը, թիմային աշխատանքը։ Մի խոսքով, այնպիսի հմտություններ, որոնք պահանջված են այսօրվա աշխատաշուկայում։

Երրորդ ծրագիրը ֆինանսական գրագիտություն զարգացնող մի խաղ է, որը մշակել են գերմանացիները։ Հայաստանում այդ խաղն անցկացնում է Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը։ Այս խաղը զարգացնում է բյուջե պլանավորելու, ներդրումներ կատարելու, ֆինանսական որոշումներ կայացնելու, խնայողություններ կատարելու հմտություններ։ Խաղը հիմնված է իրավիճակների վրա, որոնք երեխաներին ստիպում են մտածել և շատ բան հասկանալ։

Համոզված եմ, որ նման ծրագրեր էլի կան Հայաստանում։ Շատ դեպքերում այդպիսի ծրագրեր իրականացնող կազմակերպությունները չունեն բավարար ֆինանսական միջոցներ կամ ազդեցության լծակներ որոշումներ կայացնողների վրա։ Արդյունքում՝ այդ ծրագրերը ոչ մի շանս չունեն կիրառություն գտնելու բոլոր դպրոցներում։ Ու եթե մի օր այս կազմակերպություններն այլևս գումար չունենան, ապա մենք պարզապես կարող ենք կորցնել երեխաների համար շատ կարևոր այս ծրագրերը։ Ո՞վ պետք է որոշում կայացնի նման հարցերի շուրջ։ Պարզ չէ։ Կարելի է անցկացնել դաշտի գնահատում և ընտրել այն ծրագրերը, որոնք կարող են փոխել դպրոցի օպերացիոն համակարգը։

Մի բան ակնհայտ է։ Աշակերտներն այսօր նոր առարկաներ չեն ուզում։ Նրանք ուզում են գործունեության նոր ձևեր։ Նրանք ուզում են այնպիսի ուսուցում, որի դեպքում իրենք հնարավորություն ունենան իրական կյանքի հետ կապված խնդիրներ լուծելու, ակտիվ լինելու, դպրոցի պատերից դուրս սովորելու, հաղորդակցվելու, համագործակցելու։ Այս բոլորը զարգացնելու տեսանկյունից՝ իմ նշած բոլոր նախաձեռնություններն ընդունելի են աշակերտների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս