8 վիրահատություն և ինֆեկցիա. Ի՞նչ դժոխքի միջով է անցնում Սանտի Կասորլան
Օրերս հայտնի Marca պարբերականը հրապարակել է հարցազրույց «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ, որը փորձում է վերականգնվել վնասվածքից հետո: Հարազրույցը մեծ տարածում գտավ մարզական մամուլում, քանի որ Կասորլան պատմել է մանրամասներ բուժման գործընթացից, որը դժոխք է հիշեցնում:
Կասորլան չի խաղում գրեթե մեկ տարի: Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի հոկտեմբերի 19-ից, երբ Կասորլան բաց թողեց Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումը: Կասորլան ցավեր էր զգացել գարշապարի շրջանում: Ֆուտբոլիստին թվացել է, թե դա սովորական վնասվածք է, սակայն ցավերը գնալով ուժգնանում էին:
Բուժման առաջին շրջանում անգլիացի բժիշկն իսպանացուն ասել է. «Գոհ կլինես, եթե կարողանաս հետագայում զբոսնել որդուդ հետ»: Մեկ տարվա ընթացքում Սանտին 8 անգամ վիրահատվեց, սակայն չկար ոչ մի դրական տեղաշարժ:
Հոգնելով բուժման անվերջանալի թվացող գործընթացից՝ Կասորլան տեղափոխվում է Սալամանկա: Այնտեղ բժիշկը Կասորլայի մոտ հայտնաբերել է ինֆեկցիա, որի դեպքում ոչ միայն՝ ֆուտբոլ խաղալ, այլև՝ նորմալ քայլել հնարավոր չէր:
Մայիսի 29-ին Կասորլան վիրահատվեց վերջին անգամ: Վերքը փակելու համար բժիշկը վերցրեց մի կտոր կաշի Կասորլայի ձեռքից: Ֆուտոլիստի ձեռքի այդ հատվածում դաջվածք էր աղջկա՝ Ինդիի անունով: Հիմա դաջվածքի մի մասը Կասորլայի ձեռքին է, մյուս մասը՝ ոտքին:
Հուլիսից Կասորլան ապրում է հյուրանոցում, որտեղ ամեն օր լողում է, ընդունում մերսումներ և անցնում կուրսեր: Կասորլան հեռու է նաև ընտանիքից, քանի որ սկսվել է ուսումնական տարին, և Կասորլայի ընտանիքը մնացել է Լոնդոնում: Հիմա Կասորլայի կյանքում սպիտակ գիծ է սկսվում, քանի որ նա առաջին անգամ կարողացել է վազել: Ըստ աղբյուրների՝ Կասորլայի եղբայրը, ով այդ պահին նրա կողքին էր, արտասվել է՝ տեսնելով եղբորը վազելիս:
Կասորլան երազում է վերադառնալ խաղադաշտ հունվարին, սակայն բժիշկները դեռ չեն տալիս ոչ մի երաշխիք: «Ես հաճույք կպատճառեմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմ վերադարձը,- գրել է Կասորլան լրագրողին WhatsApp-ի միջոցով,- ես կվերադառնամ»:
Սիրարփի Աղաբաբյան