«Նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում հերթական վերակենդանացման գործընթացը»

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո վերակենդանացման միտումներ է տեսնում:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում հերթական վերակենդանացման գործընթացը, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ թե Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ավելի շատ նպատակ ունեն նվազեցնելու բռնությունը:

Այդուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան տեղի չի ունենում, առաջընթաց եւս չկա, իսկ բանակցային գործընթացին զուգահեռ սահմանին կշարունակվի լարվածությունը, ժամանակ առ ժամանակ կլինեն էսկալացիաներ:

2016թ. ապրիլին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումից և քառօրյա ռազմական գործողություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին): Իսկ վերջին հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս