Բաժիններ՝

«2018թ. ապրիլին նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է մնալու». Բագրատ Ասատրյան

Տնտեսագետ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ ոչ մի կառավարություն չի եղել, որ ոչ իրատեսական բյուջե ներկայացնի։ Ըստ նրա՝ կարևորն այն է, թե ինչ խնդիրներ է դնում բյուջեն.

«Այս անգամ նոր կոնցեպտ մտավ շրջանառության մեջ. «Կոկա-կոլայի» գովազդի նման ասում են՝ կրկին փորձիր։ Այս իշխանությունն արդեն 20 տարվա իշխանություն է. երկու-երեք տարին մեկ գալիս են իբր նոր մարդիկ, բայց ոչինչ չի փոխվել։ Այսօր խոսում են նոր փոփոխությունների մասին. հայտարարում եմ, որ 2018թ. ապրիլ երևույթ գոյություն չունի, նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է մնալու»։

Նա նկատեց՝ բյուջեի այս պրակտիկան իրեն սպառել է. «5-րդ դասարանցուն էլ հարցնես, թե որն է Հայաստանի առաջնային խնդիրը, կասի՝ արտագաղթը. խնդրում եմ՝ մի տող ցույց տվեք, որն ուղղված է այս խնդրի կարգավորմանը, անգամ այդ մտահոգությունը չկա։ Մեր երկիրը, մեր տնտեսությունը բախվել է հետևյալ խնդիրների հետ՝ մենաշնորհներ, կոռուպցիա, սոցիալական խայտառակ վատ վիճակ»։

Տնտեսական առումով, ըստ նրա՝ տարին բավականին հաջող էր.  «Տարին ամփոփելու ենք 4-4.5% տնտեսական աճով։ Բայց կառավարությունը գրեթե ոչինչ էր արել՝ այդ աճն ապահովելու համար, որովհետև աճի հիմնական գործոններն արտաքին գործոններն էին՝ տրանսֆերտներ, պղնձի միջազգային գներ, և այլն։ Որ նայում ես՝ կառավարության արածներն այստեղ այնքան չեն, որքան դրսում ապրող մեր հայրենակիցների արածները։ Այս հենքի վրա պետք է կառուցվեր բյուջեն»։

Նրա դիտարկմամբ՝ կառավարության փոփոխությունով էլ որևէ բան չի փոխվի. «Գործող տգետ ուժը, բացի իր իշխանությունը պահելուց՝ ոչինչ չի ուզում անել։ Պետական պարտքը 4 անգամ ավելացնելու պարագայում մեր ՀՆԱ-ն կրճատվել է 10%-ով։ ՀՀԿ-ն գոնե սրա համար պետք է պատասխան տա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս