«Պետք է մեկ անգամ մենք մեր մեջ քաջություն ունենանք, մաքրենք և շարժվենք առաջ». Վարդան Արամյան
«Անհնար է մեկ տարում բոլոր հարցերին լուծում տալ: Կարևորը քայլերի հաջորդականությունն է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումները:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը ճիշտ ռազմավարություն և ուղղություն է վերցրել:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ կենսաթոշակառուներին որևէ հատկացում չի արվում, իսկ գնաճը հաջորդ տարի օբյեկտիվ պատճառներով պետք է տեղի ունենա, որի հետևանքով` աղքատության տոկոսը չի բարելավվելու, եթե ոչ՝ վատթարանալու:
«Կառավարությունն աչքաթող է անում գիտությունն ու կրթությունը»,- ասաց Մ.Թանդիլյանը` նշելով, որ կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատումն անընդունելի է:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ գնաճը սեպտեմբերին 1.2% է եղել, կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց գներն ավելի են բարձրացել, բայց հաջորդ տարվա համար թիրախավորվել է 4±1.5% գնաճ, իսկ 0%-ի դեպքում տնտեսությունը չի աճի:
«Գիտության ու կրթության անտեսումը նշանակում է՝ մրցունակության կորուստ: Դա աքսիոմա է»,- ասաց Վ.Արամյանը:
Սակայն, ըստ նրա, հաշվի է առնվել հարկատուների փողերի առավել արդյունավետ օգտագործման խնդիրը. «Ինչպե՞ս կարող ենք կրթության որակի մասին խոսել, եթե հաստիքների 30%-ը ոչ ուսուցիչ է»: Նախարարի խոսքով` եթե ոչ մանկավարժներին պահում են, դա սոցիալական հարց է դառնում. «Պետք է մեկ անգամ մենք մեր մեջ քաջություն ունենանք, մաքրենք և շարժվենք առաջ»: