«Փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը». Արմեն Աշոտյանը` Եվրանեսթ ԽՎ-ի բանաձևի մասին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող հրատապ բանաձևը, որով վեհաժողովը կարևորում է միջազգային նորմերի շրջանակներում ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ այդ զենքերի թիրախավորված կիրառումը:

Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նման բանաձև ներկայացնելու հայկական պատվիրակության նախաձեռնությանը միացել են նաև պատգամավորներ Վրաստանից և Մոլդովայից:

«Տեքստը փոխելու որևէ առաջարկություն որևէ պատվիրակություն չի ներկայացրել, և այն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացրել է հայկական պատվիրակությունը»,- նշեց Աշոտյանը:

Նրա գնահատմամբ՝ ընդունված տեքստը եվրոպական ոճ ու բովանդակություն ունի: «Փաստաթղթերը չեն կանխում պատերազմը։ Երբեմն լրագրողները հարցնում են, թե գնացիք, ուղերձներ, բանաձևեր ընդունեցիք, բայց մեկ է՝ Ադրբեջանը կրակում է։ Այո՛, փաստաթղթերը չեն կանխում պատերազմը, փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը։ Փաստաթղթերը ստեղծում են քաղաքական կամք այս կամ այն երկրի համար, քաղաքական միջավայր, փաստաթղթերը հետո օգնում են պատժել մեղավորներին։ Սա է դիվանագիտական աշխատանքի վերջնարդյունքը», – ասաց Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ տարբեր միջազգային կառույցներում ընդունվում են բանաձևեր, սակայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են կրակոցներ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ դրանք դիվանագիտությամբ կանխվող երևույթ չեն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքի պատճառով:

«Մենք պետք է պայքարենք ու ստեղծենք ճիշտ քաղաքական միջավայր արցախյան հիմնախնդրի շուրջ, այդ թվում՝ եվրոպական քաղաքական առաջատար գործիչների մոտ», – եզրափակեց պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս