ԵԱՏՄ գործընկերները դեմ են եղել ՀՀ ԿԲ որոշմանը. հաջորդ տարի կսկսվի փողերի տպագրման երրորդ փուլը
Կենտրոնական բանկը հաջորդ տարի հերթական անգամ փող կտպի: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Փողերի տպագրման երրորդ փուլն են սկսում: Հաշվարկվում է, թե որ թղթադրամն ինչքան մաշվածություն ունի և ինչքան է անհրաժեշտ»,- ասաց Ա.Ջավադյանը:
Նա հավաստիացրեց, որ մարդկային գործոնը մինիմալի է հասցված, համապատասխան սարքավորումներն են ստուգում թղթադրամները: ԿԲ նախագահը նշեց, որ դիզայնը հաստատելուց հետո ընտրում են տպագրական կառույցը. «Որոշվել է, որ մրցույթին կարող են մասնակցել միայն այն կառույցները, որոնք եվրո են տպում, որպեսզի ռիսկերից զերծ մնանք, բացառենք տարբեր տիպի խարդախություն»:
Ա.Ջավադյանը նկատեց, որ ԵԱՏՄ գործընկերները դեմ են եղել, որ ՀՀ թղթադրամների տպագրությանը միայն եվրո տպող կազմակերպությունները մասնակցեն, սակայն ԿԲ որոշումն անփոփոխ է: