«2018թ. լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալո՞ւ են». Նիկոլ Փաշինյանի հարցը՝ Ֆինանսների փոխնախարարին
«Կառավարությունը հաշվարկել է, որ 2014 թվականին ունենալու ենք 3.5 տոկոսանոց գնաճ, ինչքանո՞վ է արժանահավատ այս գնահատականը, կարո՞ղ եք հաստատել, որ այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանելու են՝ սուրճ, կարագ, և այլն»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկել Փաշինյանը:
Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ արժանահավատությունը կասկած չի հարուցում այն կանխատեսումների առումով, որ իրենք ունեն:
«Կան մի շարք ապրանքախմբեր, որոնք գնաճի առումով ավելի նկատելի են դառնում մարդկանց համար, և մի շարք փորձագետների կանխատեսումներով՝ մյուս տարի լայն սպառման մի շարք ապրանատեսակներ թանկանալու են՝ ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելով»,- նորից փոխնախարարին հարցրեց Ն. Փաշինյանը:
Ա. Ջանջուղազյանն այսպես պատասխանեց հարցին. «Դուք իրավացի եք, կան որոշ ապրանքատեսակներ, որոնք կարող են այլ վարքագիծ ունենալ, քան ընդհանուր խումբը, որը գնահատվում է գնաճի գնահատման տեսակետից, բայց ինչ վերաբերվում է փորձագետների կարծիքին, չենք կարող արձագանքել, քանի որ դրանց տակ ընկած դատողությունների համակարգը բացակայում է, այդ գնահատականների տակ չկան որոշակի հիմնավորումներ»: