
Սան Ֆրանցիսկոյում ավելի քան 300 iPhone X են գողացել նախքան վաճառքների մեկնարկը

Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում iPhone X-ի ավելի քան 300 մոդել են գողացել UPS էքսպրես-առաքման ընկերության բեռնատարից: Այդ մասին հայտնել է CNBC-ն: Անհայտ անձինք բեռնատար են բարձրացել, երբ դրա վարորդը ձեւակերպում էր առաքումը Սան Ֆրանցիսկոյի առեւտրական կենտրոններից մեկում:
Գողությունը կատարվել է նախքան iPhone X-ի վաճառքների մեկնարկը: ԱՄՆ-ում Apple-ի նոր սմարթֆոնի արժեքը կազմում է 999 դոլարից մինչեւ 1150 դոլար, այսպիսով, չարագործները գողացել են շուրջ 300 հազար դոլար գումարի iPhone X: Ոստիկանությունը որոնում է Dodge մակնիշի ֆուրգոնով երեք կասկածյալներին: Նոյեմբերի 3-ին ամբողջ աշխարհում մեկնարկել են Apple ընկերության iPhone X սմարթֆոնի պաշտոնական վաճառքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: