Facebook ընկերությունը զուտ շահույթի 79 տոկոս աճ է արձանագրել
Facebook ամերիկյան ընկերության զուտ շահույթը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն է, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ աճել է 79 տոկոսով:
Այդ մասին ասված է հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ: Ինչպես հետեւում է փաստաթղթից, ընկերության շահույթը եռամսյակի ընթացքում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, հասել է 4,71 մլրդ դոլարի կամ բաժնետոմսի դիմաց 1,59 դոլարի:
2016 թվականի երրորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է մոտավորապես 2,63 մլրդ դոլար կամ բաժնետոմսի դիմաց 90 ցենտ: Ընդհանուր հասույթը հաշվետու ժամանակաշրջանում աճել է ավելի քան 47 տոկոսով՝ գերազանցելով 10,3 մլրդ դոլարը: Այս արդյունքները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, որոնք հասույթը կանխատեսում էին շուրջ 9,8 մլրդ դոլարի չափով:
Սոցիալական ցանցի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 2,07 միլիարդը՝ տարվա ընթացքում ավելանալով 16 տոկոսով: Ինչպես նշոէ The Wall Street Journal թերթը, նման հաջողության ընկերությանը հաջողվել է հասնել հիմնականում գովազդի զետեղման հաշվին:
Սոցցանցում համապատասխան դիմումներից հասույթը նշված եռամսյակում անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ ավելացել է 49 տոկոսով՝ կազմելով 10,1 մլրդ դոլար: Այդ գումարի 88 տոկոսը բաժին է ընկել շարժական հավելվածում գովազդից ստացված եկամուտներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: