Doing business 2018. Տհաճ անակնկալ կառավարության համար

Հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի խումբը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business 2018-ը։ Ասել, որ այն բավականին տհաճ էր ՀՀ կառավարության համար, կնշանակի ոչինչ չասել։

Բանն այն է, որ այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշային սանդղակում նահանջել է 9 հորիզոնականով և զբաղեցրել 47-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցում 38-րդ տեղի համեմատ:  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն փորձել է ինչ-որ կերպ «մխիթարել» մեզ՝ ընդգծելով, որ Հայաստանի միավորն աճել է. «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում:

Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»:

Սակայն մերոնց սա չի կարող մխիթարել, որովհետև մերոնք թիրախավորել էին ոչ թե միավորը, այլ հենց դիրքը Doing Business վարկանիշում։ Նախ, 2016 թվականի հոկտեմբերին Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում կոնկրետ նշաձող էր սահմանվել Doing Business-ի մասով։ «…գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով…» (ՀՀ կառավարության ծրագիր 2016, կետ 1.2` Կայուն տնտեսական զարգացում, ենթակետ` ներդրումների խրախուսում և պաշտպանություն)։

Հետո Doing Business-ը տեղ գտավ նաև 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարության 2017-2022թթ. ծրագրում։

«Բարեփոխումների առանցքային նպատակադրումը երկրում այնպիսի գործարար միջավայրի հաստատումն է, որին հատուկ են՝ անհրաժեշտ նվազագույն ծավալով, հստակության բարձր աստիճանով, համաչափ և հավասար կիրառությամբ, կայուն և կանխատեսելի կարգավորումներ: Դրանց արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում կդիրքավորվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում»:

Ընդ որում, հոկտեմբերի վերջին, երբ կառավարության առաջին ծրագիրն արդեն պատրաստ էր, հրապարակվեց Doing Business 2017-ը՝ ազդարարելով, որ Հայաստանը 5 հորիզոնականով առաջադիմել է այդ զեկույցում՝ 43-րդ տեղից տեղափոխվելով 38-րդ տեղը։ Մենք դա համարեցինք Հովիկ Աբրահամյանի կառավարության վերջին նվերը Կարեն Կարապետյանին։ Զեկույցում ավելի վեր բարձրանալու համար կառավարությունը 2017-ին նախատեսում էր ավարտել 2 միջոցառում՝

1) մինչև 2017-ի ավարտն ապահովել բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարողությունները՝ ամբողջականացնելով հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը,

2) մինչև 2017-ի ավարտը կրճատել էլեկտրականության միացման գործընթացում պահանջվող գործողությունները:

Ինչպես տեսնում եք Doing Business-ի կայքից վերցված աղյուսակում, այս տարվա Հայաստանի միավորի բարելավումը պայմանավորված է եղել հիմնականում հենց էլեկտրականության մասով։ Իսկ հարկերի առումով տեղաշարժ չկա. միավորը 72.49 է, և այս չափանիշով մենք 190 երկրների շարքում 87-րդն ենք։

Կարելի՞ էր արդյոք սպասել, որ Doing Business 2017-ում 5 հորիզոնականով առաջադիմելուց հետո կնահանջեինք 9 հորիզոնականով՝ այն էլ՝ կառավարության կողմից այս զեկույցում դիրքերը բարելավելու վճռականության ֆոնին։ Այո։ Որովհետև Doing Business վարկանիշը մրցակցություն է՝ երկրների միջև։

Բոլոր երկրներն էլ (հատկապես՝ զարգացող) ձգտում են բարելավել իրենց դիրքերն այս զեկույցում և օտարերկրյա ներդրողների աչքում ավելի գրավիչ երևալ։ Դու կարող ես բարելավել քո ցուցանիշները՝ Doing Business-ի 10 չափանիշերի գծով, ստանալ ընդհանուր առմամբ ավելի բարձր միավոր, սակայն ոչ միայն զեկույցում վեր չբարձրանալ, այլ հակառակը՝ նահանջել, որովհետև քեզնից ետ գտնվող երկրներն ավելի շատ բարեփոխումներ են իրականացրել։ Հենց սա է տեղի ունեցել Doing Business 2018-ում։ Հայաստանի միավորն աճել է 0,59 կետով՝ 2017թ. 71.92-ից հասնելով 72.51-ի։ Սակայն զեկուցում նահանջել է 9 հորիզոնականով։

«Նախկինում հրապարակված վարկանիշի այս փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները»,- նշվում է զեկույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ: Իսկ, օրինակ, Ռուսաստանը, որը նախորդ զեկույցում 40-րդ տեղում էր, այս տարի մեզնից առաջ է անցել և զբաղեցրել 35-րդ հորիզոնականը, որովհետև իր միավորը բարելավել է 0.81 կետով։ ԵԱՏՄ մյուս անդամներից Բելառուսն ու Ղազախստանը նույնպես բարելավել են իրենց միավորները, համապատասխանաբար՝ 0.55 և 1.06 կետով։

Սակայն նույնպես նահանջել են վարկանիշում. Բելառուսը 37-րդ տեղից իջել է 38-րդը, իսկ Ղազախստանը՝ 35-րդից՝ 36-րդը։ Սա նշանակում է, որ Doing Business-ում վեր բարձրանալու առումով մրցակցությունը ԵԱՏՄ երկրների միջև սրվում է, և մենք այդ մրցակցության մեջ տանուլ ենք տալիս։

Սա նաև նշանակում է, որ Doing Business-ում վեր բարձրանալը, այն է՝լ կոնկրետ հորիզոնականներով (4 տեղով առաջ, լավագույն քսանյակ և այլն) չպետք է լինի կառավարության թիրախը, որովհետև անհնար է հստակ կանխատեսել, թե մյուս երկրներն ինչ շարժ են ունենալու։ Թիրախը պետք է լինեն իրական բարեփոխումները։ Այս մասին, ի դեպ, մի շարք տնտեսագետներ խոսում էին դեռ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։

Doing Business-ում վեր բարձրանալը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ հետևանք՝ իրական ու խորքային բարեփոխումների։ Ճիշտ այնպես, ինչպես 4 միլիոն բնակչությունը պետք է լինի ոչ թե թիրախ, այլ հետևանք։ Նպատակը պետք է լինի Հայաստանում բոլոր առումներով նորմալ միջավայր ձևավորելը, որը, անկասկած, կբերի բնակչության թվի ավելացման։

Տեսանյութեր

Լրահոս