Բաժիններ՝

Բռնությամբ ամուսնացած պակիստանցի աղջիկը սպանել է իր ամուսնուն ու ևս 14 մարդու

Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է այն կնոջը, որը երկրի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում թունավորված կաթի միջոցով սպանել է իր ամուսնուն ու եւս 14 մարդու:

Այդ մասին հայտնել են պակիստանյան ԶԼՄ-ները: Նրանց տեղեկատվության համաձայն, 21-ամյա Ասյա Բիբիին մի քանի օր առաջ բռնությամբ ամուսնացրել են Աբջադ Լաշարիի հետ, թեեւ նա սիրահարված էր ուրիշ երիտասարդի: Դրանից հետո կինն իր սիրեցյալի հետ միասին պլանավորել է ամուսնու սպանությունը: Բիբին որոշել է թույլ լցնել կաթի մեջ, սակայն երբ նա բաժակը բերել է ամուսնուն, նա հրաժարվել է ըմպելիքից: Այնուհետեւ Բիբիի մայրը, չիմանալով, որ բաժակի մեջ կաթի հետ թույն կա, այն օգտագործել է տնային յոգուրտ եւ կարագ պատրաստելիս, որոնցով հետո հյուրասիրել է ամբողջ ընտանիքին:

Արդյունքում թունավորված մթերքներն օգտագործել է 27 մարդ, նրանցից 15-ը մահացել են, այդ թվում՝ Բիբիի ամուսինը: Մնացածները հոսպիտալացվել են: Թե հատկապես ինչ թույն է օգտագործել կինը, չի ճշտվում: Բիբին ընդունել է իր մեղքը եւ ոստիկանության աշխատակիցներին հայտնել, որ ինքն է կաթի մեջ թույն լցրել: Նրա հետ միասին ձերբակալել են նաեւ նրա սիրեցյալին: Ինչ պատիժ նրանց կարող է սպառնալ, չի նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս