«ՀՀ-ԵՄ համաձայանագիրը հաստատ կստորագրվի». Ալեքսանդր Իսկանդարյան
«Այս պահին ինտրիգը ոչ թե փաստաթղթի հետ է կապված, այլ, որքան էլ տարօրինակ է՝ Կատալոնիայի իրադարձությունների։ Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվի հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին, այս մասին ասաց Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց՝ ինտրիգը պահպանվում է, հայկական կողմին հաջողվել է հեռանալ «կամ-կամ» ձևակերպումից, համոզել ԵՄ-ին, որ կարող է լինել «և-և». «Բայց կլինի դա, թե ոչ, հիմա բարդ է ասել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Կատալոնիայի իրադարձություններն ինչպես կզարգանան։ Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը»։
Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք չէր․ «Ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրներ գործնականում չկան, խնդիրները տեխնիկական են։ Ես կարծում եմ՝ համաձայանագիրը կկնքվի նոյեմբերի 24-ին։ Բայց երբեք մի ասա՝ երբեք, և եթե չհասցնեն նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ կստորագրեն, բայց հաստատ կստորագրեն։ Կան խնդիրներ, բայց դրանք քաղաքական չեն։ Եվրոպացիների հետ համաձայնությունը կա, հարևանների հետ բարդությունները հարթվել են»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր միջամտությանը, փորձագետները համակարծիք էին՝ ՌԴ-ի հետ ամեն ինչ համաձայնեցված է։ «Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցված է, լուրջ հակասություններ չկան։ Բայց նորից՝ ոչինչ բացառել չի կարելի։ Թեպետ դրա հավանականությունը քիչ է»,-ասաց Իսկանդարյանը։
Մարտիրոսյանն էլ նշեց, որ բարդ է ասել, թե ինչ խնդիրներ կլինեն. «Ընդհանուր առմամբ, ամեն ինչ համաձայնեցված է, հակասություններ չկան խաղացողների հետ, ՌԴ-ն էլ ուզում է ԵՄ հետ հարաբերությունները կարգավորել, քանի որ երկուսն էլ շատ բան են կորցնում այդ հակասություններից։ Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընթացին, ապա կան երկրներ, որոնք մեզ համար ոչ ընդունելի շրջադարձ են ուզում»։
ԵՄ անդամ երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Հունգարիայի հետ։ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ բոլոր միություններում էլ հակասություններ կան, և պարտադիր չէ, որ ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունները կարգավորվեն. «Այս փաստաթղթում կան կոնկրետ բաներ, որոնք Հայստանը պետք է կատարի, կան նաև ԵՄ-ի կոնկրետ պարտականությունները։ Դա երկարատև աշխատանք է, այն փոխգործակցում է, ոչ թե ակտ, որը ստորագրեցիր և վերջ։ Դա աշխատանք է։ Բոլոր միությունները միայն համագործակցության հարթակ չեն, այլ նաև՝ տարաձայնությունների, որը կա երկրների միջև։ ԵՄ-ն իր մեջ ներառում է 28 երկիր, որոնք տարբեր են, ունեն խնդիրներ նույնիսկ իրենց ներսում, ուր մնաց՝ մյուս երկրների հետ։ Հունգարիան հազվագյուտ երկիր է, նրանց պետք չէ Հայաստանը, որպեսզի խնդիրներ ունենան ԵՄ ներսում։ Այդ ջրի մեջ պետք է մտնել, իսկ հետո կլինեն սովորական դիվանագիտական հարաբերություններ, որոնք կմաքրեն այդ հակասությունները»։