Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերադառնում են Ղարաբաղյան օրակարգ

Ժնևյան Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկված լարվածությանը զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են առաջիկա շաբաթների ընթացքում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Այս մասին իրենց վերջին անդրադարձերում տեղեկացրել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: էնդրյու Շեֆերը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր:

«Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին, այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»,- ասել էր ԱՄՆ դիվանագետը՝ հիշեցնելով, որ ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են: Դիվանագետը նաև ընդգծել էր, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ` հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին: Իր հերթին՝ Մարիա Զախարովան ասել է, թե ՌԴ-ն ողջունում է կողմերի պատրաստակամությունը՝ շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

«Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Կոչ ենք անում Բաքվին և Երևանին՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով բանակցություններին՝ ասել էր, թե բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը կողմերի միջև վստահությունն է.

«Այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իր պարտավորությունը և հետաքննության մեխանիզմները: Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Հայկական կողմն այն, ինչ լինում է սեղանի շուրջ փակ բանակցություններում, երբեք չի խախտել և չի էլ խախտի, խախտողը, մենք գիտենք՝ ով է. միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո ինքը լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է»:

Նախարարական հանդիպումը կազմակերպվում է մի իրավիճակում, երբ փորձագիտական հանրությունը, հասարակությունը դեռ լիովին չեն ընկալել նույնիսկ վերջին նախագահական հանդիպման արդյունքները, մի «տարօրինակ» որակվող հանդիպման, որից օրեր անց հայկական կողմը զոհ ունեցավ, իսկ շփման գծում ավելի ծանր տեխնիկա կիրառվեց հայկական կողմի դեմ, որի պատճառով կրկին ակտիվացան կայծակնային պատերազմի հավանականության մասին կանխատեսումները: Այս իրավիճակում փորձագետները նույնիսկ դժվարանում են կանխատեսել, թե ինչպիսի դիրքորոշումներով են կողմերը մասնակցելու այդ հանդիպմանը և ինչպիսի օրակարգ են քննարկելու:

Ուշագրավն այն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահ Շեֆերը խոսեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին: Հատկանշական է նաև Շավարշ Քոչարյանի դիտարկումը վստահության մեծանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, քանի որ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններից մի շարք փորձագետներ ենթադրում էին, թե հայկական կողմը հրաժարվել է մեխանիզմների ներդրման հարցից և համաձայնել բանակցել առանց այդ մեխանիզմների ներդրման, ինչը, ըստ էության, ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները վերսկսելու հայկական կողմի պահանջն էր:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: «Կարծում եմ՝ Ժնևում գուցե այս հարցն են քննարկել նախագահները: Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները և շահագրգիռներն այսօր միայն համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետևում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում: Առաջիկա հանդիպմանը հերթապահ հարցեր են քննարկվելու, ոչ ավելին»,- ասաց Եվսեևը:

Սակայն, նրա համոզմամբ՝ շփումները թուլացնում են լարվածությունը և կողմերին զգոնություն հաղորդում, որ շփման գծում պետք է զգույշ լինել: Եվսեևի խոսքով՝ միայն պարզապես հանդիպումներ կազմակերպելով՝ հնարավոր չէ վերահսկել իրավիճակը շփման գծում: «Շփման գիծը հարաբերական խաղաղ իրավիճակում պահելու համար անհրաժեշտ է կողմերին պարտադրել վերացնել առաջնագծում համեմատաբար ծանր սպառազինությունը և կատարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Առանց այս համաձայնությունների՝ հնարավոր չէ առաջ շարժվել, դա կողմերը ևս գիտեն»,- ասաց ռուս վերլուծաբանը:

Նրա համոզմամբ՝ հայկական կողմը ևս ակտիվորեն առաջ չի տանում վստահության մեխանիզմների առաջմղման հարցը, քանի որ քաղաքական փոփոխություններն առաջնահերթ են: Եվսեևի վստահեցմամբ՝ սպասվող փոփոխություններից հետո հայկական կողմը կվերադառնա իր պահանջներին ու պնդումներին: «Շավարշ Քոչարյանի խոսքը կարևոր էր, նա հուշեց, որ այս հարցում ադրբեջանական և հայկական դիրքորոշումները չեն փոխվել, հենց այդ պատճառով էլ բանակցային գործընթացում ներկայիս իրավիճակն է ստեղծվել»,- ասաց Եվսեևը: Այնուամենայնիվ, ռազմական փորձագետի կարծիքով, չտրվելով հակամարտող կողմերի ներքաղաքական օրակարգերին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է կողմերին պարտադրեն քայլեր ձեռնարկել լարվածությունը շփման գծում նվազեցնելու ուղղությամբ, քանի որ ներքաղաքական փոփոխությունները ևս կարող են խթանել լարվածություն շփման գծում:

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ բանակցային գործընթացում որևէ տարօրինակ բան չի կատարվում, ոչինչ չի խճճվել: Ըստ նրա՝ տեղի է ունենում այն, ինչ վերջին երկու տասնամյակի ընթացքում է տեղի ունենում:

«Կողմերը պարզապես համաձայնություն չունեն կարևոր հարցերի վերաբերյալ: Որոնք են այդ հարցերը, բոլորս գիտենք, թե որոնք են: Ու թե ինչ են քննարկել Ժնևում՝ հայտնի չէ որևէ մեկին: Այնուամենայնիվ, համանախագահների եզրափակիչ հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ հանդիպման օրակարգն առանձնապես հագեցած չի եղել բանակցություններով, ավելին, տպավորություն է, որ նախագահները պարզապես հանդիպել և սուրճ են խմել, ոչ ավելին: Իմ այս պնդումը հիմնվում է համանախագահների հայտարարության վրա, սովորաբար համանախագահներն իրենց հայտարարություններում հուշող ձևակերպումներ են կիրառում, դիվանագիտական լեքսիկոնին ծանոթ վերլուծաբանները հասկանում են, թե որոնք են եղել օրակարգի թեմաները, այս անգամ շատ դժվար էր որևէ բան հասկանալը»,- նման տեսակետ հայտնեց կովկասագետ եվրոպացի վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ Էնդրյու Շեֆերը որոշեց վերադառնալ հետապրիլյան պայմանավորվածություններին՝ շփման գծում ստեղծված իրավիճակի ականատեսը դառնալով: «Ինչ-ինչ պատճառներով, ամենայն հավանականությամբ, այն, որ ադրբեջանական կողմը կտրուկ մերժում էր, հրաժարվում բանակցային գործընթացից, համանախագահները երևի թե որոշել էին պայմանավորվածությունները դուրս բերել օրակարգից՝ առաջնահերթություն դարձնելով նախագահների շփումը: Սակայն, կարծում եմ՝ սա սխալ հաշվարկ էր, և իրավիճակն ապացուցեց դա: Առանց այդ մեխանիզմների բանակցություններ չեն կարող կայանալ: Բանակցող կողմը հեշտությամբ կարող է համաձայնել նաև այս մեխանիզմներին, բայց եթե մերժվում են այս մեխանիզմները, պարզ է դառնում, որ ոչ թե շփումներ, այլ լուրջ բանակցություններ չեն կարող կազմակերպվել»,- ասաց գերմանացի վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ առաջիկա նախարարական հանդիպումը ևս լինելու է հերթական շփումը նախարարների միջև, որն առանց բարձրաստիճան համաձայնությունների՝ էական ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա:

Տեսանյութեր

Լրահոս