Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել. Յոհանես Հան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնում է: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։
Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։
Յոհանես Հանը չմատնանշեց, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծեց, որ այն միարժեքորեն կստորագրվի:
Հանձնակատար Հանը նաեւ նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ եւ թերացումներն աչքաթող չեն արվելու։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»