Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանը չպատասխանեց հարցին, թե ում է պատկանում «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ իր հարազատները երբեք չեն հայտարարագրել իրենց պատկանող Գյումրու գազալցակայանների վերաբերյալ տվյալները: Ներկայացված հայտարարագրերում Ղուկասյաններին պատկանող  «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի վերաբերյալ  ևս տվյալներ չկան: Համենայնդեպս, այս ամենի վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ethics.am-ում, մենք որևէ տվյալ չգտանք:

168.am-ը Վարդան Ղուկասյանից փորձեց պարզել, թե ի՞նչ պատճառով հայտարարագրերում  Ղուկասյաններին պատկանող  գազալցակայանների և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:  Գյումրեցիներին հայտնի է, որ Գյումրու նախկին քաղաքապետին են պատկանում բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ «Հրաշքների աշխարհ» վաճառատունը:

Մեզ նաև հետաքրքրեց, թե ի՞նչ պատճառով է Վ.Ղուկասյանը նախկինի համեմատ բավական քիչ դրամական միջոցներ հայտարարագրել:

Վ.Ղուկասյանին դուր չեկան մեր հարցադրումները, երբ նշեցինք, որ իր ներկայացրած հայտարարագրում որոշ տվյալներ բացակայում են:

Կարդացեք նաև

«Բայց դու ո՞վ ես, աղջիկ ջան, որ նման բաներ ես խոսում»,- ասաց Վ.Ղուկասյանը:

Հաջորդ հարցին՝ Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ ձեզ են պատկանում գազալցակայաններ, «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը, Վ.Ղուկասյանը պատասխանեց. «Գնա, կադաստրից նայի, թե դրանք ում են պատկանում, ըստ այդմ առաջնորդվի: Մի հատ կադաստրում բաց, վկայականներն ուշադիր նայի: Կարո՞ղ ես նայել: Ուղղակի, աղջիկ ջան, միայն Ազգային անվտանգությունը կարող է էդպիսի բաներում խորանալ»:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դրամական միջոցները նվազել են 80.000.000 դրամով: ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալիս՝ Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարագրել է  20.000.000 դրամ գումար: Մինչդեռ Գյումրու քաղաքապետ եղած տարիներին Վարդան Ղուկասյանը հայտարարագրել էր 100.000.000 դրամ գումար:

Պատգամավոր դառնալիս՝ իր նոր հայտարարագրում Վ. Ղուկասյանը նշել է, որ   ունեցած արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել է 75000 ՀՀ դրամ գումար: Վ. Ղուկասյանը հայտարարագրել է նաև շահաբաժնից ստացված եկամտի տեսակ՝ 1.913.000 դրամ գումար:                                                            Գյումրու քաղաքապետ եղած տարիներին (1999 թվականին ընտրվել, 2002, 2005 և 2008 թվականներին վերընտրվել  է Գյումրու քաղաքապետ) Վարդան Ղուկասյանի եկամուտները կազմել են 59.437.066 դրամ գումար: (Տե´ս այստեղ.):

Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 2.236.750 դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը՝ 15.000.000, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 600.000, այլ եկամուտները՝ 35.000.000 դրամ գումար:

Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարագրել է «BMW» մակնիշի,  760 LI համարանիշով մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց: Տարածված խոսակցությունների համաձայն՝ այն զրահապատ է: Բացի այդ, դրա ապակին գնդակը չի կարող ծակել:

Այժմ Գյումրու նախկին քաղաքապետը, Գյումրիում լինելիս, գրեթե միշտ շքախմբով է շրջում: Թերևս, նման զգուշության պատճառ հանդիսացավ  2007թ. ապրիլին Գյումրու նախկին քաղաքապետի դեմ մահափորձի կազմակերպումը, երբ Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշով ավտոմեքենայից կրակոցներ արձակվեցին Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի, 051ԼԼ50 պետհամարանիշով ու նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի, 770ԼԼ10 պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի արդյունքում եղան զոհեր: Տարիներ անցան, բայց այս գործն այդպես էլ մնաց չբացահայտված:

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի կնոջ, դուստրերի և որդու նոր հայտարարագրերին, ապա նոր հայտարարագրերը ներկայացված չեն:

Վ.Ղուկասյանի կնոջ՝ Նոնա Ղուկասյանի՝ 2014 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն, վերջինիս դրամական միջոցները կազմում են  100.000.000 դրամ գումար: Ընդհանուր եկամտի չափը կազմել է 17.780.000 դրամ գումար: Ղուկասյանների դուստրերից  Աննան 2014 թվականին հայտարարագրել է 60.250.000 դրամ գումար:                                                                                                        

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս