Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության և իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը երկրում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և աշխարհում աճող հեղինակության վրա:
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների շարունակական ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից:
Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը դիտում է իր առաջնահերթ միջազգային գործընկերների շարքում, որի հետ փոխգործակցությունն ուղղված է փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հայ-չինական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացմանն ու խորացմանը:
Պատրաստ ենք նաև հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների և ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը և բարօրությունը:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջկուսակցական, ինչպես նաև միջպետական հարաբերությունների և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանց մակարդակն ավելի բարձրացնելու նպատակով»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: