Բաժիններ՝

«Ուզում եմ տեսնել՝ այդ մարդու մատները տե՞ղն են, թե՞ չէ». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին նիստերի օրակարգ չընդգրկվեց նաև Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի հեղինակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին գլխադասային պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Նախագծի հեղինակներից Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ ներկայացրեց իրենց օրենսդրական նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսնում է, որ ԱԺ պատգամավորներն առանց հատուկ թույլտվության ձերբակալվածների կալանավորման վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն, բայց, ըստ նրա, կիրառական պրակտիկայում այս իրավունքը սահմանափակվում է, երբ քննիչի կողմից դրված է կալանավորված անձի տեսակցությունների  սահմանափակման որոշում:

«Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, որ օրենքի այն վերահսկողության նշանակությունը, որ դրված է այս դրույթի մեջ, չի իրացվում: Օրինակ, կինը զանգում է պատգամավորին, ասում է՝ «ամուսինս քրեակատարողական հիմնարկում է, և եղունգները քաշել են, մատները կտրել են», պատգամավորը գնում է, ասում է՝ եկել եմ  այս ահազանգի վրա, ուզում եմ տեսնել՝ այդ մարդու մատները տե՞ղն են, թե՞ չէ, քրեակատարողական հիմնարկն արգելում է, ասում է՝ չէ, որովհետև քննիչն արգելել է տեսակցությունն այդ մարդու հետ: Բայց մենք ուղղակի ուզում ենք տեսնել՝ այդ մարդուն խոշտանգե՞լ են, թե՞ ոչ: Ստացվում է մի իրավիճակ, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում այս իրավունքի իրացման համար: Վերջերս եղել եմ Արամավիր քրեակատարողական հիմնարկում, մոտենում եմ մասնաշենքի դռանը, ասում եմ՝ բացեք այդ դուռը, ես պետք է մտնեմ, ասում են՝ ոչ, որովհետև ներսում կան կալանավորներ, որոնց տեսակցությունը քննիչն արգելել է: Կարծում եմ սա աբսուրդ է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Գլխադասային պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ կարծիք հայտնեց, որ ԱԺ պատգամավորի մուտքը քրեակատարողական հիմնարկ նպատակ պետք է ունենա ուսումնասիրել և տեսնել այնտեղի սանիտարահիգնեիկ պայմանները, ճաշի որակը և նմանատիպ այլ խնդիրներ: Նրա խոսքով՝ պատգամավորները կարող են հաղորդակցվել մարդկանց հետ ու հասկանալ այնտեղի պայմանները:

Ըստ նրա՝ այն պահին, երբ պատգամավորն ուզում է քրեակատարողական հիմնարկ մտնել, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարող են տեսակցությունների արգելանք ունեցող կալանավորներին առանձին խուց տանել, և թույլ տալ պատգամավորին ներս մտնել: Իսկ այն դեպքում, երբ ահազանգ կա, որ կալանավորի եղունգները հանել են կամ մատները կտրել են, Ռ. Մախմուդյանի կարծիքով, այս մասով էլ լուծում կա՝ ՀՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը կարող ստանձել այդ մարդկանց պաշտպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս