Ինչ պատճառով կարող է հետաձգվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը
ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարևոր որոշումներն է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը:
«168 Ժամի» տեղեկություններով, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան: Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չի բացառվում, որ առաջանան որոշ տեխնիկական և ընթացակարգային բնույթի խնդիրներ, որոնք գուցե լուծվեն առաջիկա օրերին կամ մինչ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, մինչ տարեվերջ կամ մինչև հունվար ամիսը: Հստակ ժամկետներ նույնիսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանում նշել, որովհետև ընթացակարգերի պատասխանատուները ԵՄ անդամ երկրներն են:
Մեր տեղեկություններով, իրականությանը չեն համապատասխանում հայաստանյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ԵՄ երկու երկրներ չեն թարգմանել համաձայնագիրը, որի պատճառով գուցե հետաձգվի փաստաթղթի ստորագրումը։
Ավելին, ըստ մեր աղբյուրի, թարգմանությունն իրականացրել է Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր 24 լեզուներով, բացի իռլանդերենից, քանի որ իռլանդական կողմն իռլանդերեն թարգմանություն է պահանջել համաձայնագրի միայն մի քանի գլուխների համար, ԵՄ երկու անդամ երկրներ փաստաթղթի ամբողջական թարգմանություն են պահանջել իրենց մայրենի լեզուներով, եղել են նաև երկրներ, որոնք համաձայնագրին պատրաստ են եղել ծանոթանալ հենց անգլերենով: Անկախ այդ ընթակարգերից, որոնք ԵՄ-ում չափազանց դանդաղ ու ծանր են առաջ շարժվում, որոնց պատճառով էլ միգուցե «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում չստորագրվի համաձայնագիրը, մեր տեղեկությունների համաձայն, ԵՄ բոլոր անդամ երկրները հանձնառու և շահագրգիռ են ստորագրել համաձայնագիրը հնարավորինս շուտ` երբ ավարտված կլինեն ԵՄ անդամ բոլոր երկրներում համաձայնագրի տեքստի հաստատման ընթացակարգերը:
Սակայն եվրոպական կողմի համար առանցքային հարց չէ փաստաթղթի ստորագրումը «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, քանի որ այն մեծ հնչեղություն ձեռք կբերի, որն անցանկալի սցենար է Եվրամիության համար, ինչպես նաև սխալ կդիտարկվի, քանի որ ստորագրվելիք փաստաթուղթը երկկողմանի բնույթ է կրում, ուստի նախընտրելի է համաձայնագրի ստորագրումը գագաթաժողովի շրջանակից դուրս:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ում բանակցված համաձայնագրի ստորագրումը նույնիսկ չեն պայմանավորում ՀՀ-ում սպասվող քաղաքական համակարգի փոփոխություններով, ինչպես իր վերջին հարցազրույցներից մեկում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն էր նշել: Մեր զրուցակցի փոխանցմամբ, ԵՄ-ի համար կարևոր է ստորագրել փաստաթուղթը, իսկ ՀՀ-ում ղեկավարի փոփոխությունը ԵՄ-ին այդքան էլ չի հուզում:
Եվրամիությունում նաև չեն կարծում, որ այս ձգձգման արդյունքում կամ ինչ-ինչ այլ պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ կազմված համաձայնագիրը Հայաստանի համար «մեծահոգի» են որակում, ավելի, քան ՀՀ իշխանություններն էին ակնկալում, և կարծում են, որ այս անգամ ևս Հայաստանի հրաժարումը քաղաքական ինքնասպանություն կլինի: Սակայն հաշվի առնելով երկարամյա փորձառությունը, ԵՄ-ում չեն բացառում նաև անկանխատեսելի իրավիճակների հավանականությունը:
ԵՄ-ում ծիծաղելի են համարում նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստի հրապարակման ետևում քաղաքական նպատակների մասին կարծիքները՝ պարզաբանելով, որ համաձայնագրի տեքստի հրապարակումը ԵՄ-ի բնականոն աշխատաոճի բաղկացուցիչ մասն է: Մեր զրուցակցի փոխանցմամբ, ԵՄ-ի քաղաքականության առանցքում թափանցիկությունն է, ուստի նախաստորագրված փաստաթուղթը չէր կարող հայ հասարակության համար գաղտնի մնալ:
«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ-ի ներքին խնդիրներից մեկը դանդաղկոտությունն է: Դա, նրա խոսքով, արդարացված է, քանի որ հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում երկկողմանի հարաբերություններ ձևավորել մի կառույցի հետ, որի անդամ են 27 երկիր, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին պետք է համաձայնություն տա տեքստին, Եվրահանձնաժողովը պետք է կարողանա դրանք ամփոփել, արդյունքները քննարկել երկրորդ կողմի հետ:
«Իմ տեղեկություններով, ուկրաինական ճգնաժամի ընթացքում, երբ նաև Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, ԵՄ-ում քննարկվում էր ընթացակարգերն արագ կազմակերպելու հարցը, սակայն դրանք ավելի արագ հնարավոր չէ իրականացնել: Սա երբեմն ճակատագրական է դառնում ԵՄ արտաքին հարաբերությունների համար, սակայն ՀՀ-ԵՄ ներկայիս հարաբերություններն այդ դեպքը չէ, քանի որ կողմերը քաղաքականապես հանձնառու են ստորագրել համաձայնագիրը և վերացրել են բոլոր խնդիրները, որոնք պայմանավորված էին երրորդ կողմով:
Ներկայումս Ռուսաստանին անհանգստացնող որևէ կետ չկա համաձայնագրում, հայկական կողմն այն քննարկել է իր գործընկերոջ հետ, ցանկանում է ստորագրել, այս դեպքում մեկ կամ երկու ամսվա հետաձգումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար որոշիչ չի կարող լինել, համաձայնագիրը կստորագրվի եթե ոչ՝ բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում, ապա՝ մեկ կամ, ամենաշատը, երկու ամիս անց»,- ասաց Ստյուարտը: Վերջինիս կարծիքով, այդ ընթացակարգերը կավարտվեն հաջորդ ամիս, և դեկտեմբերին հնարավոր կլինի կազմակերպել ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրումը: