«Եթե բարեփոխումների համար ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ավարտվի, մենք կհեռանանք». Աբդու Ալքեբսի

Հարցազրույց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (ՄՄՁԿ) ծրագրերի տնօրենի տեղակալ Աբդու Ալքեբսիի հետ

 – Պարոն Ալքեբսի, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի բիզնես, ներդրումային միջավայրի մասին, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնը, որտեղ ես աշխատում եմ, շատ ոգևորված է՝ Հայաստանում ներդրումների ներուժի հնարավորությունը տեսնելով։ Եվ մենք ոչ թե ոգևորված ենք այն դիրքով, որտեղ Հայաստանը հիմա գտնվում է, այլ ոգևորված ենք Հայաստանի մեծ ներուժով, որ Հայաստանը կարող է զարգանալ ու ծավալվել։ Մենք հավատում ենք, վստահ ենք, որ Հայաստանի բնակչությունը բարձր կրթվածություն ունի, շատ մոտիվացված է, և կարող են արտերկրում հրաշալի շուկաների հասանելիություն ունենալ շուտով։

Մենք խոսել ենք ամերիկացիների, եվրոպացիների հետ, և բոլորը ոգևորված են՝ այս մեծ ներուժը տեսնելով։ Մենք հավատում ենք, որ այս գործընկերությունը՝ Առևտրաարդյունաբերական պալատների, գործարար և այլ ասոցիացիաների միջև, Հայաստանի շուրջ բիզնես աջակցության ցանցի շնորհիվ, կառավարության հետ մեկտեղ՝ կարող է իսկապես բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը։ Արդեն հայտարարել ենք և այս առաջանահերթությունների վրա աշխատանք ենք սկսել։ Ազգային բիզնես օրակարգը 3 առաջնահերթություն է առաջ քաշում՝ բիզնես համայնքը համագործակցելու է կառավարության հետ` բարելավելու ընդհանուր միջավայրը:

Աշխատելու ենք հարկային դաշտի, տեսչության և փոքր ու միջին ձեռնարկությունների համար միջավայրը բարելավելու ուղղությամբ։ Հաջորդ քայլը լինելու է` մշակել քաղաքականություններ, իդենտիֆիկացվելու են առաջնահերթությունները, որից հետո մշակվելու է քաղաքականություն, և բիզնես համայնքը կաշխատի կառավարության հետ՝ իրականացնելու դրանք։ Մենք սրտանց հավատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ։

– Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, ի՞նչ գրավչություն ունի արտերկրյա ներդրողների համար։

– Մենք հասկանում ենք, որ Հայաստանը թեև ԵԱՏՄ-ի անդամ է, երկրի ընդհանուր քաղաքականությունն է` հավասարակշռություն պահպանել ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև։ Եվ հայերի որոշումն է, թե ում հետ կցանկանան բիզնես վարել։ Մեր դերն է` իբրև կենտրոն, օգնել առկա բիզնեսներին՝ դառնալու ավելի մրցունակ` անկախ նրանից, թե ում հետ կհամագործակցեն՝ ամերիկացիների՞, եվրոպացիների՞, թե՞ եվրասիացիների։ Եթե միջավայրն այստեղ ավելի լավը լինի, գործարարներն ավելի մրցունակ կլինեն ցանկացած տեղում։ Եվ դա ամենակարևոր բանն է։

– Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել նոր համաձայնագիրը, որը պահպանում է GSP+ առևտրային ռեժիմը։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ։

– Մենք ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել ենք այս հարցը և հասկանում ենք, որ երկու կողմն էլ ընդունում են այս որոշումը և համաձայնության են եկել։ Հուսանք, որ նոյեմբերի 24-ին այդ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա։ Ի՞նչն ենք մենք հավանում այս ամենի մեջ։ Այն հիմնված է տեղի տնտեսությունը բարելավելու գաղափարների վրա։ Դա մենք շատ ողջունում ենք։ Բայց, անկեղծ ասած, Հայաստանը հսկայական շուկա չէ, այնպես չէ, որ տարբեր երկրներ պայքարում են հայկական շուկայի համար, քանի որ այն փոքր է։ Բայց Հայաստանը կարևոր երկիր է բոլորի համար։

Եվ խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես այդ կարևորությունը որպես լծակ կօգտագործի՝ բարելավելու իր բիզնես միջավայրն այստեղ, որպեսզի կարողանա դառնալ ավելի մրցունակ և այնուհետև դեպի այլ շուկաներ հասանելիություն ապահովի։ Բայց ԵՄ-ի հետ համաձայնությունը, մենք կարծում ենք, լավ քայլ է դեպի առաջ։

– Եվրոպական կառույցների տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանը, Հայաստանում որպես առաջնահերթ խնդիր՝ նշում են կոռուպցիան։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է մեր առաջնահերթ խնդիրը։

– Ես արդեն ասացի, որ մենք ոգևորված ենք Հայաստանի ներուժով։ Եթե Հայաստանը կատարյալ լիներ, մենք այստեղ չէինք լինի։ Այսինքն՝ Հայաստանն օգնության կարիք ունի՝ բարելավելու կոռուպցիայի դեմ պայքարը, ՓՄՁ-ների աշխատանքը դյուրացնելու, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները հզորացնելու, առհասարակ ձեռներեցության էկոհամակարգը մշակելու և զարգացնելու։ Բայց ի՞նչն է քաջալերում մեզ։ Այս ամենը բարելավելու քաղաքական կամքը կա։ Եթե բարեփոխումների համար ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ավարտվի, փակվի, մենք կհեռանանք։ Ուստի կան դժվարություններ, բայց նաև հույս՝ փոփոխությունների հասնելու, որի մեջ մտնում է նաև կաշառակերության դեմ պայքարը։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարի մեր մոտեցումն այլ է։

Հայկական բիզնեսները, որպեսզի կարողանան միջազգային գործընկերների հետ աշխատել, պետք է գործեն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում առկա հակակոռուպցիոն օրենքների համապատասխան։ Այս ծրագիրը դեռ իրականացված չէ, բայց հուսանք՝ ապագայում, ինչպես այլ երկրներում ենք անում, այստեղ ևս կփոխենք մղիչ ուժը, որպեսզի հայկական բիզնեսներն էլ գործեն այս օրենքին համապատասխան, որպեսզի սրտանց ցանկանան այս օրենքներով աշխատել, որպեսզի կարողանան ավելի մեծ բիզնես շղթայի մաս կազմել։ Այդ նպատակով պետք է կատարեն հակակոռուպցիոն օրենքներից բխող պահանջները։

Տեսանյութեր

Լրահոս