Կառավարությունը խոստանում է հաջորդ տարի իջեցնել պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 308 մլն դոլար կամ 3 տրլն 17.8 մլրդ դրամ։
Այդ թվում, ՀՀ կառավարության արտաքին պարտքը 4 մլրդ 456.5 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 240.1 մլն դոլար։ Եվս 611.3 մլն դոլարի արտաքին պարտք ունի ՀՀ կենտրոնական բանկը։
Արդեն գրել ենք, որ 2017 թվականի վերջին, ըստ 2018 թվականի պետբյուջեի նախագծի, պետական պարտքը կկազմի 6.8 մլրդ դոլար, իսկ 2018 թվականի վերջին՝ կհասնի 7.2 մլրդ դոլարի։
Չնայած պարտքի բացարձակ ցուցանիշի աճին՝ ՀՀ ֆինանսների նախարարության հավաստմամբ, կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի։ Ըստ ֆիննախի կանխատեսման, այս տարվա վերջին այդ ցուցանիշը կլինի 58.7%, իսկ 2018 թվականի վերջին՝ 58.5%:
Հետագա տարիներին, պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը կշարունակի նվազել՝ պայմանավորված կայուն բարձր տնտեսական աճով։
Հիշեցնենք, որ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, պետական պարտքը չի կարող գերազանցել նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։