«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ կասկածը ԵՄ-ում կպահպանվի մինչև վերջին պահը». լեհ վերլուծաբան
«Լեհաստանի ԱԳ նախարարի ՀՀ այցի գլխավոր նպատակը ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում պետք է դիտարկել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով Լեհաստանի արտգործնախարարի ՀՀ կատարելիք այցին:
Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին այս շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Իսկ այցը մամուլում տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել: Այցելության նպատակն է՝ ընդգծել տարածաշրջանի կարևորությունը Լեհաստանի արտաքին քաղաքականության համար, ասված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հարավային Կովկասի երեք երկրներում բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա երկկողմ տնտեսական համագործակցության, անվտանգության, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ երեք երկրների հարաբերությունների վրա։
Այցը նաև ուղղված է Հարավային Կովկասի երեք երկրների և Լեհաստանի միջև քաղաքական շփումների ակտիվացմանը և բարեկամական հարաբերությունների պահպանմանը։
Վաշչիկովսկին Երևան կժամանի հոկտեմբերի 20-ին և կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Լեհաստանը, որպես ԵՄ երկիր, մեծ շահեր չունի այս տարածաշրջանում, և երկկողմ հարաբերությունների օրակարգն այնքան էլ հարուստ չէ, ինչը ցավալի է, չնայած Հայաստանն ու Լեհաստանը պատմական շատ ընդհանրություններ ու անցած ուղի ունեն: Ըստ նրա, Լեհաստանն այս գոտում հանդես է գալիս՝ որպես ԵՄ անդամ երկիր, որն «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնող երկրներից մեկն է եղել, Լեհաստանն այս ծրագրով ցանկացել է ունենալ ավելի վստահելի ու անվտանգ հարևանություն, իսկ Հայաստանը Լեհաստանի շահերի այդ գոտում գտնվող երկիր է: Լեհ վերլուծաբանի խոսքով, թեև Արևելյան գործընկերության նախնական ծրագիրը լուրջ խնդիրներ ստեղծեց Արևելյան Եվրոպայում և Եվրամիությունում, ծրագիրը դեռ շարունակվում է վերանայված տեսքով:
Ըստ Զաշտովտի՝ Հայաստանի մասնակցությունն այս իմաստով բավականին կարևոր է, շատ կարևոր է, որպեսզի մեկ անգամ տապալումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների այս փուլը, որը պետք է նշանավորվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, կայանա, կարևոր է նաև, որպեսզի Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակ ունեցող Հայաստանը համագործակցության նման ձևաչափ ունենա ԵՄ-ի հետ, ինչը նոր հնարավորություններ կստեղծի հենց ԵՄ-ի և ԵՏՄ-ի համար: Զաշտովտը չի բացառում, որ Հայաստանը նախադեպային երկիր դառնա:
«Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում, կամփոփի ՀՀ-ԵՄ բանակցային այս ողջ ուղին՝ ճանապարհ հարթելով ստորագրության համար: Եթե Հայաստանում դեռ կասկածներ կան, նա կփորձի հասկանալ իրավիճակը: Պատահական չէր, որ ԵՄ-ն հրապարակեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը: Թեև այն արդեն իսկ քննարկված էր Ռուսաստանի հետ, եթե դրա հրապարակումից հետո Ռուսաստանն առարկություններ ունի, դա ևս կքննարկվի, և ԵՄ-ն պատրաստ կլինի այն արդյունքին, որը սպասվում է նոյեմբերի վերջին Բրյուսելում: ԵՄ-ն, ինչպես տեսնում եք, զգույշ է գործում, հաշվի առնելով 2013թ. սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածը, կասկածը պահպանվում է մինչև վերջին պահը, թեև, ըստ էության, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին խոչընդոտներ չպետք է որ լինեն, քանի որ Հայաստանի իշխանությունները համաձայնագրի բոլոր կետերը քննարկել են ռուսաստանցի գործընկերների հետ»,- նման տեսակետ հայտնեց Զաշտովտը:
Անդրադառնալով շրջանառվող տեսակետին և վարկածին, թե համաձայնագրի ստորագրումը հետաձգվելու է, քանի որ ԵՄ-ում ցանկանում են իմանալ, թե ում հետ են գործ ունենալու 2018 թվականից հետո, Զաշտովտն ասաց, որ հետաքրքրություն այդ հարցի առնչությամբ, բնականաբար, կա, քանի որ այդ համաձայնագրի վավերացումը, այդ համաձայնագրում ընդգրկված կետերի իրականացման հաջողությունը կախված կլինի ՀՀ նոր ղեկավարից և նրա նախասիրություններից:
«Եթե նոր ղեկավարը չցանկանա, ապա վավերացման գործընթացը կտապալվի, բայց եթե ՀՀ ներկայիս իշխանությունները ցանկանում են ստորագրել, ապա ԵՄ-ն բաց չի թողնի այդ հնարավորությունն այս պահին: Հետագա խնդիրներն ապագայում կբանակցվեն, ԵՄ-ն դիտարկում է նման խնդիրների առաջացման հնարավորությունը»,- ասաց լեհ վերլուծաբանը: Տեղեկացնենք նաև, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժոդովի ժամանակ: