Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի. Էդմոն Մարուքյան

«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման` ՌԴ թիկունքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը` խոսելով հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ տարեկան նստաշրջանի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամների հակահայկական վարքագծի մասին:

Ըստ նրա` այս անգամ ադրբեջանական պատվիրակները փորձել են դա անել` ներքաշելով ՌԴ-ին և օգտագործելով ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ, մասնավորապես` ՌԴ-ի հետ կապված զեկույցի համատեքստում Ադրբեջանի պատվիրակը հայտարարել է, թե ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկային միջոցների հաշվին զենք է տրամադրում: Է. Մարուքյանի խոսքով` Ադրբեջանը ինքն է տարբեր երկրներից հարձակողական զենքեր ձեռք բերում, և ծիծաղելի ու ոչ ազնիվ է վեհաժողովին ՌԴ պատվիրակության բացակայության պայմաններում նման մտքեր հայտնելը, իսկ հետո գնալ նրանց հետ «եղբայրական» համաձայնագրեր կնքելը: Պատգամավորը նշեց, որ եվրոպացիները հոգնել են նման «բախումներից».

«Մենք մասնակցում ենք օրակարգային հարցերի քննարկումներին, եթե մեղադրանք հնչում է, իհարկե, պատասխանում ենք, բայց մենք ցույց ենք տալիս, որ մեր խնդիրը Ադրբեջանին արձագանքելը չէ»:

Է.Մարուքյանը տեղեկացրեց, որ իր տարածքային ամբողջականության խնդիրն Ադրբեջանը փորձել առաջ քաշել Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ, սակայն մերժում է ստացել: ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով` վեհաժողովի ժամանակ մի շարք եվրոպական երկրների պատվիրակություններ մտահոգություններ և իրենց անհամաձայնությունն են հայտնել, որ, լինելով ՆԱՏՕ անդամ պետություն, Թուրքիան ՌԴ-ից ձեռք է բերում C-400 համակարգեր.

«Երբ այս հարցը ուղղվեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, նրա պատասխանը բավականին չափավոր էր։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշում ինչպիսի լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք բերել։ Իհարկե, կար որոշակի դիտարկում այն մասին, որ C-400 համակարգերը չեն ընդգրկվում ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, բայց չկար խորը քննադատություն կապված այդ համակարգերի ձեռքբերման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս