«Բացարձակ ապուշություն է, ես նման ընկնավորությունների հետ վիճել չեմ կարող». Ռուբեն Բաբայան

Հարցազրույց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը հասարակական լայն քննարկումների առիթ դարձավ։ Օրենքին դեմ հանդես եկող անձինք հիմնականում նշում են, որ այն ուղղված է հայ ավանդական ընտանիքը կազմաքանդելուն, որ դա Եվրոպայի ծրագիրն է, և այլն։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ։

– Բռնության դեմ ուղղված ամեն բան պետք է կյանքի կոչել։ Բոլոր փաստարկները՝ մեր պապերն այսպես են ապրել, հայ ընտանիքն այսպիսին է, դեմագոգիայի դաշտից են։ Յուրաքանչյուր ընտանիք յուրովի է կառուցում իր կյանքը, և չկա ազգային, ավանդական ընտանիք հասկացությունը։ Լև Տոլստոյն իր «Աննա Կարենինա» վեպը սկսում է հրաշալի տողերով. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»։ Ես կարծում եմ՝ այդպես է։ Ժամանակները փոխվում են, մարդու կյանքը, մարդու իրավունքները, երեխայի, կնոջ իրավունքները, փոքրամասնությունների իրավունքները դառնում են գերիշխող։ Զարգացում են ապրում այն երկրները, որոնք հասկանում են՝ թույլը պաշտպանության կարիք ունի։

Բայց ես այն կարծիքին չեմ, որ միայն օրենքով հնարավոր է փոխել վիճակը։ Շատ կարևոր է կրթությունը, հասարարական արժեքային համակարգը։ Միայն օրենք ընդունելով, օրենքի խստացումով հարցը երբևիցե չի լուծվում։ Եթե հնարավոր լիներ միայն օրենքի առկայությամբ վերացնել այն բոլոր նեգատիվ երևույթները, որ կան մեր աշխարհում, ապա դրանք վաղուց վերացած կլինեին։ Շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք դաստիարակում մեր երեխաներին, ինչ մթնոլորտում են նրանք մեծանում։ Եվ կարծում եմ, որ բռնություն չկիրառելը պետք է լինի ոչ թե վախի արդյունք, որ կպատժվեն, այլ պետք է լինի արժեքային համակարգի արդյունք, որ դա պարզապես անթույլատրելի է։

– Օրենքին դեմ արտահայտվողներից շատերը ծեծը համարում են դաստիարակչական մեթոդ, նման հասարակությունը ե՞րբ կարող է հասնել Ձեր նշած՝ արժեքային համակարգին, որ բռնությունը համարի անթույլատրելի։

– Երբ նորմալ կրթություն ստանա, երբ բոլորս փորձենք կրթել մեր հասարակությանը, երբ բոլորս դադարենք զբաղվել իրար հանդեպ մեղադրանքներ և հայհոյանքներ տարածելով, այլ սկսենք ամենահասարակ բաներից՝ մեր ընտանիքներում ցույց տալով, թե ինչպիսի հարգանք է վայելում ամուսինը, կինը, երեխաները, ինչպես ենք մենք լսում իրենց, ինչպես ենք մեր բառապաշարից հանում՝ «ես այդպես եմ ուզում, և վերջ», «դու պարտավոր ես ինձ ենթարկվել», «իմ երեխան իմ սեփականությունն է, ինչ կուզեմ՝ կանեմ» արտահայտությունները։ Այս միջնադարյան ստանդարտները մենք համարում ենք հայկական ավանդական արժեք, բայց դա այդպես չէ։ Միջնադարում բոլոր ժողովուրդներն էլ նման ձևով են վարվել։ Ե՛վ իտալացին է այդ ժամանակ իր երեխային ծեծել-ջարդելով դաստիարակել, և՛ ֆրանսիացին, և՛ անգլիացին, և՛ գերմանացին, բայց ժամանակն առաջ է գնում։ Եթե Աստված ուզենար, որ մենք ետ նայեինք, նա մեր աչքերը մեր գլխի ետնամասում կտեղադրեր, ոչ թե առջևում։

Բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք այս գործում։ Մտավորական լինելը ենթադրում է որոշակի պարտավորությունների կատարում, և մտավորականները պետք է աշխատեն, որպեսզի հասարակությունը դառնա ավելի քաղաքակիրթ, ավելի հանդուրժող, առաջ նայող, ունենա համապատասխան օրենքներ։

– Օրինագծում չկա դրույթ, թե երեխաներին կխլեն ընտանիքներից. նախագիծը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու որևէ նոր հիմք կամ կարգ, և շարունակելու են գործել Ընտանեկան օրենսգրքի գործող դրույթները։ Սակայն օրենքին դեմ արտահայտվողները հիմնականում նշում են, որ հայ ավանդական ընտանիքը կազմաքանդելուն է ուղղված այս նախագիծը, որ երեխաներին խլելու են ծնողներից, և այլն։ Ըստ Ձեզ՝ այս արհեստական աղմուկն ինչի՞ համար բարձրացավ։

– Մեզ մոտ ժամանակ առ ժամանակ «վհուկների որս» է սկսվում։ Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհն իր դարդն ու ցավը մոռացել է և մտածում է, թե ինչ անի, որպեսզի հայ ավանդական ընտանիքը քանդի։ Ինչքան ես հասկանում եմ՝ ամբողջ աշխարհին խանգարում է հայ ավանդական ընտանիքը, որովհետև եթե այն վերանա, հանգիստ կարելի է կատարել ամբողջ աշխարհի երազանքը, և հաստատել սոդոմ-գոմոր։

Բացարձակ ապուշություն է, ես նման ընկնավորությունների հետ վիճել չեմ կարողանում, որովհետև դրանք ուրիշ դաշտից են։ Ասում են՝ կխլեն ձեր երեխաներին, կտանեն, հետո նրանց կսպանեն, օրգանները կվաճառեն, և նման բաներ։ Եթե որևէ մեկը վախենում է նման բաներից, ապա կարող է միայն խորհուրդ տալ՝ կարդացեք, զարգացեք, եղեք 21-րդ դարի մարդ, մի հավատացեք ընկնավորներին։ Իսկ եթե ոչ, եթե ուզում եք՝ այդպես լինի, ուրեմն՝ հավաքվեք, ձեր բոլոր ուժերով արեք ամեն ինչ, որպեսզի հանրապետության նախագահը կամ վարչապետը դառնա Խաչիկ Ստամբոլցյանը։

Եթե դրա հասարակական պահանջը կա, եթե հասարակությունը կիսում է այդ գաղափարները, ապա այդ հասարակությունը նաև պետք է ղեկավարի համապատասխան կրթական ցենզի մարդ։ Ես լուրջ չեմ կարող սրա հետ վիճել, որովհետև ակամա հայտնվում ես հիմար վիճակում, ոնց որ սկսես ապացուցել, թե երկրագունդը կլոր է և կանգնած չէ երեք կրիայի վրա։ Ինչ-որ ժամանակ անցել է, ինչ-որ բաներ կարծես թե պետք էր հասկանալ այդ ժամանակահատվածում, կրթությունը, գիտությունը, ամեն ինչ տրված է նրա համար, որպեսզի կարողանաս դա սպունգի պես դարձնել քոնը։ Եթե դու ուզում ես մնալ միջնադարում, ապա ես ասելիք չունեմ։

Տեսանյութեր

Լրահոս