«Այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն». Շավարշ Քոչարյան
«Կրակի դադարեցման ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին կա 95 թ. եռակողմ համաձայնագիր՝ Արցախ, Ադրբեջան, Հայաստան, և դա, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Դեռևս 1995 թ.-ին Ադրբեջանը պարտավորվել էր, որ պետք է այդպիսի մեխանիզմներ ներդրվեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգում են։
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը հենց դրանով է պայմանավորված։ Շ. Քոչարյանը նշեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դա հայկական կողմի նախապայման չէ, դա մի կողմից՝ Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից՝ համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը՝ ո՞նց կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե չկա կողմերի միջև վստահություն։
«Ավելին, ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն։ Նա կարղ է ստորագրություն դնել այդ համաձայնության տակ, վաղը չկատարել, ինչի երաշխիքն է հենց այդ պայմանավորվածությունների չկատարումը»,- նշեց Շ.Քոչարյանը։
168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահի խորհրդականի հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, եթե Հայաստանը չկիրառի իր վետոյի իրավունքը, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար. «Եթե դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է։ Նույնիսկ դիտորդ դառնալու համար ԵԱՏՄ-ում, պայմանագրում կա կետ, որ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի հանդեպ։ Եթե դիտարկենք միայն տնտեսական դաշտում, ապա շրջափակումը որևէ ձևով չես կարող գնահատել, որ դա քայլ չի ի վնաս պետության։ Այդ տեսակետից ոչ միայն դիտորդ չի կարող դառնալ, ուր մնաց՝ անդամ»։
Մանրամասները՝ տեսանյութում