ԵՄ-ն ՀՀ-ին 15.2 մլն եվրո է տրամադրել
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:
«Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդները ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշում է դեսպանը ծրագրի մասին:
Ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:
Բյուջետային աջակցման նոր փուլի ազդարարման հետ մեկտեղ Արմավիրի արվեստի պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով:
Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման ոլորտներում:
ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը և սոցիալական ձեռնարկության բացումը տեղի ունեցան «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Արշավը մեկնարկել է հոկտեմբերի 9-ից 13-ը՝ մի շարք միջոցառումներով հանրությանն իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան գործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար:
Լրացուցիչ տեղեկություն
ՄԿՈՒ ոլորտում բյուջետային աջակցության ծրագիրը նշանավորում է կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու դրա արդյունքները: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանին համապատասխանեցնել միջին մասնագիտական կրթությունը զբաղվածության ներկայիս պահանջներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Բյուջետային աջակցության 13 մլն եվրո բաղադրիչն ուղղվելու է ՄԿՈւ ոլորտի առաջնահերթ կարիքներին, որոնք նախանշվել են Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից, իսկ լրացուցիչ 2,2 մլն եվրոն կօգտագործվի կարողությունների զարգացման և իրականացված աշխատանքների գնահատման համար: Ծրագրի համաձայնագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Բրյուսելում տեղի ունեցած ԵՀԳ/2015/038-246 ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում:
«Ես սիրում եմ սովորել» արշավը մեկնարկել է Լոռվա մարզի ՄԿՈՒ ուսանողների համար օրգանական գյուղատնտեսության մասին պրակտիկայով, որը կազմակերպել էր Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Եվրոպական միության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը: Dasaran.am-ը կազմակերպում է դպրոցների ուսուցիչների համար քննարկում, որի շրջանակում նախատեսվում են խմբակային աշխատանքներ և ինտերակտիվ մեթոդաբանության փորձի փոխանակում, ինչպես նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող հանրային կրթության վերաբերյալ E-Stat դիագնոստիկ գործիքի ներկայացում:
Իսկ ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների հետ սեմինարի ընթացքում քննարկվել է ուսումնական հաստատություններում կեղծ վկայականներ և որակավորումներ շնորհելու խնդիրը: Սեմինարն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում:
EU4Education-Կրթության ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին
Վերջին 14 տարիների ընթացքում Եվրոպական միությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի կրթական բարեփոխումների իրականացմանը համակարգի բոլոր մակարդակներում: 2016թ-ի դրությամբ 4500 ուսանող Երևանում և մարզերում գործող 17 պիլոտային քոլեջներից օգտվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ՄԿՈՒ բարեփոխումներից: 15.2 մլն եվրո ընդհանուր գումարով նոր օժանդակությունը՝ տրամադրված ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացմանը նպատակ ունի աջակցել Հայաստանին բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունը և խթանել զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսությանը՝ որպես երկրում առաջնային ոլորտ: Նոր ծրագիրը նպատակ ունի բարելավել զբաղվածության ոլորտում առաջարկի և պահանջարկի համակարգումը: Այն այսօր հանրությանը ներկայացվեց Արմավիրի պետական արվեստի քոլեջում տեղի ունեցած ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումի ժամանակ, որն իր հերթին հարթակ ծառայեց ոլորտում լավագույն փորձն ու մարտահրավերները ներկայացնելու համար:
ԵՄ աջակցությամբ գործող Dasaran.am հարթակը խթանում է ուսանելու նորարական մեթոդները և դրանք հասանելի դարձնում Հայաստանի բոլոր դպրոցականներին:
Erasmus+-ը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ նոր ծրագիրը, որը զբաղվում է կրթությանը և վերապատրաստմանը, ինչպես նաև երիտասարդությանն ու սպորտին առնչվող հարցերով, իրականացվում է 2014-2020 թթ-ին՝ ուսանողներին և դասախոսական անձնակազմին հնարավորություն տալով գիտելիք և փորձ փոխանակել Եվրոպայի առաջատար համալսարաններում: 2018թ-ի վերջին Հայաստանից մոտ 700 ուսանողներ և դասախոսներ ԵՄ դրամաշնորհներ կստանան Եվրոպայում ուսանելու և դասավանդելու համար:
«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, նպատակ ունի Հայաստանում ամրապնդել ակադեմիական ազնվությունն ու պայքարել կոռուպցիայի դեմ՝ խթանելով ՀՀ կառավարության 2015-2018 թթ. հակակոռուպցիոն գործողությունների պլանը: