Հույսով ու հավատով. Լմբատավանք է բերվել Սուրբ Ստեփանոսի մասունքը
Արդեն երրորդ տարին, ի նշան Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու վերազարթոնքի, հոկտեմբերի առաջին շաբաթը նշվում է Լմբատավանքի ուխտի օրը: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք է բերվում Սուրբ Ստեփանոսի մասունքը և մատուցվում Սուրբ Պատարագ։ Հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ մասունքով կատարվում է Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն։
Եկեղեցական արարողության ավարտը վերածվում է ժողովրդական ուրախության: Ժողովրդի մեջ ավելի հայտնի Լմբատի կամ Կարմիր վանքի զորության մասին տեղեկությունները շատ են՝ հիվանդները բուժվել են, երկար տարիներ երեխա չունեցողը՝ հղիացել: Այս անգամ էլ հույսով ու թոռանը՝ յոթնամյա Տիգրանի խոսքը բժշկելու մեծ հավատով Գյումրիից Լմբատ էր եկել տիկին Սուսաննան: Ընդհանուր առմամբ՝ ուխտավորների թիվը Լմբատ մեծ է հատկապես այս օրը: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Լմբատ էին եկել ոչ միայն հավատացյալներ Շիրակի ու Արթիկի թեմերից, այլ նաև ուխտավորներ հանրապետության տարբեր տարածքներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լմբատավանքի վանահայր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, արդեն երրորդ տարին է, ինչ եկեղեցու ուխտի օրը տեղափոխվել է Առաքելոց տոնին՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:
«Սուրբ Ստեփանոսի տոնը թեև նշվում է դեկտեմբերի առաջին շաբաթը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով, երբ սուրբ մասունքները բերվում էր Լմբատ, քչերն էին հաղորդակից դառնում, դրա համար արդեն երրորդ տարին է, ինչ Սուրբ Ստեփանոսի մասունքները տեղափոխվում են հոկտեմբերին՝ հնարավորություն տալով շատ հավատացյալների մասնակցելու այս արարողությանը»,-նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:
Այս անգամ էլ հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց Սուրբ Ստեփանոսի մասունքը և ձեռամբ թեմակալ առաջնորդի մատուցվեց Սուրբ Պատարագ։ Եկեղեցու մասին թեև շատ տեղեկություններ չեն պահպանվել, բայց ելնելով եկեղեցու ճարտարապետական տեսքից, այն թվագրվում է 6-րդ դարի վերջ և 7-րդ դարի սկիզբ, եկեղեցում գտնվող որմնանկարները ևս ստեղծվել են նույն ժամանակահատվածում: Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խուցերով: 13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին մնայուն քահանայով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ:
Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք: Կառուցումից հետո եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 12-13-րդ դարերում, տարածքը մասամբ բարեկարգվել է 90 ականներին, իսկ 3 տարի առաջ որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ՝ Քրիստին Լամուղեի և ճարտարապետ Արա Զարյանի կողմից սկսվեցին և այսօր արդեն ավարտին է հասցվել 7-րդ դարից պահպանված եզակի որմնանկարներից մեկի՝ անհայտ հեղինակի՝ Եզեկիել մարգարեի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանկարի վերականգնման ու ամրակայման աշխատանքը: