Ինչո՞ւ է դանդաղում սպասված ծրագիրը

2016 թ.սկզբներին դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որը լայն աջակցություն գտավ մասնագիտական հանրության և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը մշակել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Վարչապետի և կառավարության փոփոխությունից հետո այդ ծրագրի մասին, կարծես, մոռացվեց և այլևս չէր խոսվում: Ծրագրի վերաբերյալ լրագրողների հարցերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շատ հակիրճ պատասխաններ էր տալիս` նշելով միայն, որ այն քննարկման փուլում է:

Միայն վերջերս` սեպտեմբեր ամսին, ծրագրի մասին խոսեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նախագիծը և նպատակային միջոցառումները: Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը: Կ.Կարապետյանն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Նա նաև կարևոր է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը և հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչեցված մոտեցումները:

168.am-ը նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այժմ ի՞նչ փուլում է ծրագիրը, և ինչո՞ւ է ընթացքն այսքան դանդաղ:

«Դանդաղելու խնդիր չկա: Կա համապարփակ ծրագիր` սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող տարբեր ուղղություններով, և կան նաև սահմանափակ միջոցներ ծրագրերի իրականացման համար: Մեր հիմնական կարևորագույն խնդիրը ներկայումս այն է, որ այդ ծրագրերի արդյունավետության և ազդեցության գնահատման միջոցով հասկանանք, թե ի վերջո սահմանափակ միջոցները ո՞ր ծրագրային ուղղություններով պետք է ուղղորդվեն, որպեսզի մենք այս ժամանակահատվածոմ ունենանք առավելագույն արդյունք:

Այսինքն` ազդեցության գնահատումը շատ կարևոր է, որովհետև, եթե մենք ունենանք անսահմանափակ միջոցներ, բնական է, բոլոր ծրագրային ուղղություններով կարելի է այդ քայլերն իրականացնել, որովհետև վստահ ենք, որ ցանկացած ծրագիր, որն ուսումնասությունների հիման վրա մշակվել և ներառվել է նախագծում, որոշակի ազդեցություն ունենալու է: Բայց հաշվի առնելով միջոցների սահմանափակ լինելը և հնարավորությունների սահմանափակ լինելը՝ խնդիր ունենք առավել մեծ ազդեցություն ունեցող ծրագրերը հասկանալու և դեպի նրանց մեր հիմնական միջոցներն ուղղելու, որպեսզի կարողանանք առավելագույն արդյունք ապահովել թե՛ կարճաժամկետում, թե՛ միջնաժամկետում և թե՛ երկարաժամկետում»,- ասաց Ա.Ասատրյանը:

Նախարարը չհամաձայնեց մեր դիտարկմանը, որ միջոցների սղության հիմնավորմամբ նախագիծն անընդհատ կհետաձգվի. «Ոչ, մենք ունենք ժամանակացույց, խնդիր, որ մինչև տարեվերջ պետք է ունենանք կառավարության կողմից հաստատված 2018-2040թթ. ռազմավարությունը, որը նաև, բնականաբար, իր ծրագրային միջոցառումները պետք է ունենա, թե որ ուղղություններով են ծրագրերն իրականացվելու»:

Ա.Ասատրյանի համոզմամբ` այս նախագծի իրականացումը կնպաստի նաև  Սերժ Սարգսյանի առաջադրած 2040թ.-ին 4 մլն բնակչություն ունենալու նպատակին հասնելուն. «Բնականաբար, վստահ եմ, որ հենց այդ նպատակին պետք է միտված լինեն ծրագրային հիմնական ուղղությունները, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, որը թույլ կտա նաև մեխանիկական աճի միջոցով ապահովել բնակչության աճը»:

Հիշեցնենք, որ ծրագրի յուրահատկությունն այն է, որ ընտանիքներին՝ առանց տարիքային սահմանափակման, ամսական ընդհանուր 150 հազար դրամ եկամուտ ունենալու դեպքում՝ առանց կանխավճարի տրամադրվելու է հիպոթեքային վարկ՝ Հայաստանի ամբողջ տարածքում բնակարան ձեռք բերելու նպատակով:

Ծրագրի պայմաններն այնպիսին են, որ կարիք ունեցողներն իսկապես կարող են անարգել օգտվել դրանից, լուծել իրենց բնակարանային խնդիրը, ինչը, բնականաբար, դրական կազդի մեր ծերացող պետության մեջ ծնելիության աճի և արտագաղթի կրճատման վրա։

Տեսանյութեր

Լրահոս