«Այս՝ համեմատաբար ավելի հեշտ գործընթացը, փաստորեն, դառնում է շատ ծանր քաղաքական մարտահրավեր միջազգային հանրությանը». Դավիթ Բաբայան

«Ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել, և համանախագահն այցելեց Արցախ՝ ճանաչողական այցելությամբ։ Սա շատ կարևոր է, ընդհանրապես այս պրակտիկան կիրառվել է նաև նախկինում։ Այս տեսանկյունից բնական է, որ յուրահատուկ այցելություն էր, որովհետև նա անձամբ պետք է ծանոթանար Արցախի հետ, քաղաքական ղեկավարության հետ, ում հետ պետք է աշխատանք իրականացվի։ Այսինքն և՛ քաղաքական, և՛ տեխնիկական առումով շատ կարևոր էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդհանուր այցին, ապա ըստ Բաբայանի՝ այն հիմնականում ուղղված է եղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցերին․ «Սա նույնպես կարևոր է, որովհետև նման հանդիպումները նախ և առաջ ամենաբարձր մակարդակն են, այսինքն՝ այն հարցերը, որոնք քննարկվում են այդ հանդիպման ժամանակ, պետք է ստանան իրենց լուծումը, թեպետ ադրբեջանական կողմը խոչընդոտում է այս ամենին։ Բայց դա կապ չունի, այսպիսի հանդիպումները խաղաղ գործընթացի շարունակականությունն ապահովելուն են ուղղված, և ընդհանրապես, բանակցային գործընթացի պահպանմանն են ուղղված, հետևաբար, շատ կարևոր են։ Բացի դրանից՝ նման հանդիպումների ժամանակ համանախագահները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը, իրենց կարծիքներն են փոխանցում կողմերին, և այդ կարծիքներն ուղղված են խաղաղության և կայունության պահպանմանը և բանակցային գործընթացի շարունակմանը»։

Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումն, ըստ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի՝ ընդհանուր հարցերի, տեսլականների շուրջ քննարկում են նշանակում. «Դրանք նաև վերահաստատում են խաղաղ կարգավորման, կայունության պահպանման սկզբունքները, որը շատ կարևոր է։ Ե՛վ կողմերը, և՛ միջազգային հանրությունը տվյալ դեպքում եռանախագահները, ինչպես նշեցի՝ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը, իրենց կարծիքը վերահաստատում են, որ պետք է խաղաղ կարգավորվի։ Երկրորդ՝ կան արդեն որոշակի պայմանավորվածություններ, որոնք պետք է իրականացվեն։ Խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին է․ փոխվստահության մի շարք միջոցների իրականացմում, զինադադրի ռեժիմի խախտումների ֆիքսում և պատասխանատվության կանչելու հարցեր։ Այսինքն՝ կան կոնկրետ հարցեր և ընդհանուր խնդիրներ, որոնց մասին պետք է միշտ մտքեր փոխանակվեն և քայլեր կատարվեն»։

Մեր դիտարկմանը, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները Ադրբեջանը հրաժարվում է կատարել, Բաբայանն այսպես արձագանքեց․ «Սա իրոք շատ բարդ խնդիր է։ Այսինքն՝ շատ հեշտ է տեխնիկապես իրականացնել, կան բոլոր հնարավորությունները ֆիքսելու այդ զինադադարի ռեժիմի խախտումները, ի վերջո սա քաղաքական բարդ խնդիր չէ, սա զուտ տեխնիկական հարց է, բայց սա քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, և այս՝ համեմատաբար ավելի հեշտ գործընթացը, փաստորեն, դառնում է շատ ծանր քաղաքական մարտահրավեր միջազգային հանրությանը, որովհետև նույն ձևով շատ հեշտ է պատասխանատվության կանչել, սանկցիաներ կիրառել այն կողմի նկատմամաբ, ով խախտում է զինադադարի ռեժիմը։

Կարդացեք նաև

Բայց կարծես թե տեխնիկապես հեշտ իրականացվելիք գործընթացը ստանում է բարդ քաղաքական երանգ, սա է խնդիրը։ Բայց այս ուղղությամբ պետք է աշխատել, հնարավոր չէ պարզապես անտեսել այս ամենը»։

Տեսանյութեր

Լրահոս