Բաժիններ՝

«Սրանք ոչ հիմնավորված խաղեր են, որոնք ազգաբնակչության ներվերի վրա են ազդում». Մելիտա Հակոբյանը՝ թանկացումների մասին

«Մեզ համար ինչ-որ հատուկ առիթ պետք չէ թանկացումների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ խոսելով վերջին շրջանում նկատվող թանկացումների մասին:

Ըստ նրա՝ Հայաստանում տեսնում են՝ ինչ-որ տեղ թանկացումներ կան, սկսում են նաև այստեղ թանկացումներ անել: Նա նկատեց, որ միայն Նոր Զելանդիայում է կարագը թանկացել, Ռուսաստանում և Ֆինլանդիայում այն չի թանկացել, սակայն մեզ մոտ համատարած թանկացում է:

«Դրա հետ մեկտեղ, չգիտես՝ ինչու, խոզի միսը թանկացավ: Որտեղ մտնում ենք, ասում են՝ տեղական միս է: Եթե տեղական միս է, ինչո՞ւ թանկացավ, ուրեմն մեզ խաբում են: Տավարի մսի մասով մենք գրեթե ինքնաբավ ենք: Դա ինչո՞ւ թանկացավ, մեր պատկան մարմինները պետք է ասեն: Սովետական Միության ժամանակ եթե ինչ-որ բան պետք է թանկանար, 2-3 ամիս առաջ մարդկանց տեղեկացնում էին: Հիմնավորված թանկացում մենք չենք տեսնում: Եթե ինչ-որ մի բան թանկանում է, պետությունը պետք է մեկնաբանի՝ ինչի թանկացավ այդ ապրանքը, և, վերջապես, սպառողն ինչո՞վ է մեղավոր, որ ինչ-որ մեկը որոշեց թանկացնել: Սա սպառողների համար մի շատ լավ սյուրպրիզ է, հատկապես այն խավի համար, ովքեր սոցիալապես անապահով են: Իսկ մենք գիտենք, որ այդ խավը շատ մեծ է: Սրանք ոչ հիմնավորված խաղեր են, որոնք ազգաբնակչության ներվերի վրա են ազդում: Իրենք գերշահույթ են ստանում կարագի վաճառքից»,- հայտարարեց Մ. Հակոբյանը:

Նույն ասոցիացիայի փոխնախագահ, մարքետինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ նշեց, որ տեսությունում հաճախ պետք է դիտվի գների նվազում, ինչը մենք չենք տեսնում. «Պետությունը չպետք է ձեռքերը լվանա այս ամենից: Պետությունը պետք է ասելիք ունենա, պետք է այնպես անի, որ մրցակցություն լինի: Միսը թանկացել է, և բնական է, որ թանկացել է, որովհետև անասնակերը կրկնակի թանկացել է, և դեռ ավելի է թանկանալու: Կաթը նույնպես թանկացել է: Առաջիկայում հնարավոր է, որ կաթնամթերքն էլ թանկանա: Պետությունը պետք է միջամտի, ռոտացիա տա ֆերմերներին: Այդտեղ և՛ ֆարմերները կշահեն, և՛ բնակչությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս