Բաժիններ՝

Անհատների ձեռքբերումները ծառայեցնենք համակարգի բարելավմանը

Այսօր Ուսուցչի տոնն է։ Հայաստանում այդ տոնը նշվում է հանրապետական մրցույթի ամփոփումով։

2000 թվականից Հայաստանում անցկացվում են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները։ Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը մահվանից մի քանի ամիս առաջ խոստացավ, որ կառավարությունը տարվա լավագույն ուսուցչին ավտոմեքենա է նվիրելու։ Մինչև հիմա Հայաստանի կառավարությունը կատարում է Վազգեն Սարգսյանի խոստումը՝ «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» նվիրելով ավտոմեքենա, իսկ «Լավագույն տնօրենին»՝ համակարգիչ։

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը նման թանկարժեք նվեր է տալիս դպրոցի ուսուցչին և մանկապարտեզի դաստիարակին։ Միացյալ Նահագների նման հարուստ երկրում տարվա լավագույն ուսուցիչը ստանում է ոսկեզօծ խնձոր։ Խորհրդանշական նվեր է ստանում նաև Ռուսաստանի լավագույն ուսուցիչը՝ հավալուսնի արձան։ Այդ թռչունն անձնազոհության խորհրդանիշն է, ինչը նույնացվում է ուսուցչի աշխատանքի հետ։

Թեև Հայաստանն ամենաթանկարժեք նվերներն է տալիս մանկավարժներին, բայց լավագույնների ընտրության գործընթացը և հաղթողների գիտելիքների, կարողությունների օգտագործումը համակարգը զարգացնելու հարցերում հեռու են բավարար լինելուց։ Օրինակ՝ ԱՄՆ-ում տարվա լավագույն ուսուցիչը մեկ տարով ազատվում է իր հիմնական աշխատանքից և շրջում է երկրով մեկ՝ կիսելով իր փորձը գործընկերների հետ։ Հայաստանում ևս նախատեսվում էր, որ 2016 թվականի լավագույն ուսուցիչը և դաստիարակը պետք է շրջագայեն երկրով մեկ և ներկայացնեն իրենց փորձը։ Մասնավորապես, ընտրության կարգում ուսուցչի հատվածում նշվում է. «Մրցույթի արդյունքում հաղթող «Տարվա լավագույն ուսուցիչը» ուսումնական տարվա ընթացքում հանրապետության տարբեր դպրոցներում անցկացնում է վարպետաց դասեր, մասնակցում նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներին, մանկավարժական մամուլում հրապարակում հոդվածներ»: Բայց որևէ տեղեկություն չտրվեց այն մասին, թե ի՞նչ վարպետաց դասեր է անցկացրել նախորդ տարվա մրցույթի հաղթողը։

Արդյո՞ք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի պատմության ուսուցիչը, ով անցած տարի լավագույն ուսուցիչ դարձավ, մասնագիտական սեմինարներ վարեց իր գործընկերների համար։ Այս մասին ոչ նախարարությունը խոսեց, ոչ էլ ուսուցիչները։ Հայաստանի համար սա կարևոր է երկու առումով։ Երբ լավագույն ուսուցիչը շրջագայում է երկրով մեկ և ուսուցիչներին ներկայացնում իր փորձը, հանրությունը հնարավորություն է ստանում սովորելու նրա փորձից։ Երկրորդ, նման ընթացակարգը նպաստում է մրցույթի թափանցիկության և արդարության բարձրացմանը։

Հայաստանում անցկացվող մրցույթի ընթացակարգը խնդրահարույց է։ Մարզերից ընտրված լավագույնները մի քանի ժամով գալիս են Կրթության և գիտության նախարարություն, որտեղ անցկացվում է կլոր սեղան-բանավեճ, որի արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում են լավագույնները։ Այսինքն՝ մրցույթի վճռորոշ եզրափակիչ փուլում որոշում է կայացվում ընդամենը քննարկման արդյունքում։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ ուսուցիչները վարպետաց դասեր են անցկացնում և քննարկումներ վայելում։ Ընդ որում, այդ ամենն ուղիղ հեռարձակվում է, և ցանկացողները կարող են հետևել մրցույթի մասնակիցների վարած դասերին և անցկացված քննարկումներին։

Այսպիսով, Հայաստանում արդեն 17 տարի անցկացվում է լավագույնների մրցույթ։ 34 ուսուցիչ և դաստիարակ ավտոմեքենա են ստացել։ Որտե՞ղ են այդ մարդիկ։ Ինչպե՞ս է նախարարությունն օգտագործում այդ մարդկանց ներուժը։ Երբ մշակվում է կրթության զարգացման պետական ծրագիր կամ չափորոշիչ, այս մարդիկ ընդգրկվո՞ւմ են աշխատանքային խմբերում։ Երբ անցկացվում են ուսուցիչների վերապատրաստումներ, այս մարդիկ մասնակցո՞ւմ են դրանց։ Հայաստանում ունե՞նք լավագույն ուսուցիչ, դաստիարակ, տնօրեն դարձած մարդկանց ակումբ։

Համակարգում տեղի ունեցող փոփոխությունների մասին այդ մարդիկ դիրքորոշում հայտնո՞ւմ են։ Լսո՞ւմ են այս մարդկանց։ Կա՞ նախարարությունում մարդ, ով անհրաժեշտության դեպքում շատ արագ այս մարդկանց կհավաքի մեկ սեղանի շուրջ։ Ինչո՞ւ չենք կարող ստեղծել ինտերնետային կայք, ուր կլինի տեղեկատվություն ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների և հաղթողների մասին, ուր կհրապարակվեն հաղթողների վարպետաց դասերի տեսագրությունները, հոդվածները, ելույթները։

Հայաստանի նման երկիրը, որը շատ քիչ գումարներ է հատկացնում կրթությանը, աշխարհում ամենաշռայլն է լավագույններին մրցանակ տալու հարցում։ Բայց որքանո՞վ է խելամիտ այս տեսակի մրցույթներ անել պարզապես մեքենաներ բաժանելու համար։ Ինչո՞ւ չենք ուզում այս մանկավարժների գիտելիքներն ու հմտությունները տարածել երկրով մեկ։

Հայաստանի կրթության մեծագույն խնդիրներից մեկը մանկավարժների հիասթափվածությունն է, հոգնածությունը։ Ցածր աշխատավարձը, բազմաթիվ բովանդակային խնդիրների առկայությունը, սովորող աշակերտների արտահոսքն էլիտար դպրոցներ դժվարացրել են ուսուցիչների աշխատանքը։ Նման իրավիճակում մեզ օդի պես անհրաժեշտ է լավագույն ուսուցիչների փորձի տարածումը։ Երբ ուսուցիչները տեսնեն իրենց այն գործընկերներին, ովքեր այս դժվարին պայմաններում հաջողության են հասնում, հաստատ իրենք էլ կձգտեն ավելի լավ աշխատել։ Մեզ պետք են հարթակներ, որոնցում ուսուցիչների միջև երկխոսություն կծավալվի մասնագիտական հարցերի շուրջ։ Լավագույնների մրցույթը հենց վերջին նպատակին պիտի ծառայի։

Հուսանք, որ այս տարվա լավագույններն ավելի տեսանելի կլինեն մասնագիտական հանրության համար և կփարատեն այն շշուկները, որ այս մրցույթն էլ թափանցիկ ու արդար չէ։

Շնորհավոր Ուսուցչի տոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս