
«Տղաները հասկանում են, թե ինչ է նշանակում ամեն մի հաղթանակը». Արթուր Պետրոսյան

Հայաստանի ազգային հավաքականին սպասվում է ծանր հանդիպում: Աշխարհի առաջնության որոկավորման փուլում մեր ընտրանին մրցելու է խմբի առաջատար Լեհաստանի հավաքականի հետ:
Խաղից առաջ իր սպասելիքների մասին է խոսել հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանը նշում է, որ հավաքականի խնդիրների մասին գիտեն բոլորը, կան մի շարք բացակայող ֆուտբոլիստներ: Սակայն, ըստ Արթուր Պետրոսյանի՝ մի ֆուտբոլիստի բացակայությունը հնարավորություն է մեկ այլ ֆուտբոլիստի համար:
Հավաքականի մարզիչը նշում է, որ դեռևս չի ցանկանում բացահայտել, թե ինչպիսի կազմով հանդես կգա հավաքականը, չնայած որոշված է նաև դարպասապահի հարցը: Ամեն դեպքում, մարզիչը նշում է, որ փորձելու է լուծել հավաքականի խնդիրները:
Ըստ Արթուր Պետրոսյանի՝ տղաները չունեն մոտիվացման խնդիր:
«Այնպես չէ, որ հավաքականը շատ է հաղթանակներ տոնում: Ցանկացած հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար, այդ իսկ պատճառով տղաները մոտիվացված են: Տղաները հասկանում են, թե ինչ է նշանակում ամեն մի հաղթանակը: Լեհաստանի հետ խաղը մեզ համար ինքնին մոտիվացիա է»:
Այս խաղից առաջ հավաքականը շատ կորուստներ ունի: Որոշ ֆուտբոլիստներ որակազրկված են, ոմանք էլ բացակայում են վնասվածքների պատճառով: Վերջիններիս թվում է նաև հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
«Ցավում եմ Սարկիսովի համար: Նրա վիրահատությունը հաջող է անցել, նա վերականգնողական փուլում է:
Հարձակման գիծը միակն է, որտեղ մենք խնդիրներ չունենք»:
Արթուր Պետրոսյանի խոսքով՝ հավաքականի համար մեծ հաջողություն կլինի Լեհաստանի նման ուժեղ հավաքականի հաղթելը, դա մեծ հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար: Այդ իսկ պատճառով թիմը կենտրանոցած է հաղթելու վրա և չի մտածում 2 խաղ պարտվելու և D խմբում մնալու մասին:
Սիրարփի Աղաբաբան