
«Ես չեմ կարող բարձրաձայնել, թե ում հետ եմ հանդիպում». Արմեն Ամիրյանը` իր պաշտոնանկության մասին

«Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ պատասխանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` հրաժարվելով մեկնաբանել իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը:
Ըստ նրա` իր աշխատանքից դժգոհություն իշխանության կողմից չի եղել: Նա բացառեց, որ վերջերս Ստալինյան բռնաճնշումների թեմայով ցուցահանդեսի կամ Վահան Արծրունու համերգի չեղարկումը կարող էր դժգոհության և իր հրաժարականը պահանջելու առիթ լինել. «Ցուցահանդեսի կամ համերգի չեղարկումը մեր հետ որևէ կապ չունի: Բարձրացված աղմուկն էժանագին PR է»:
Ա.Ամիրյանը չգաղտնազերծեց` արդյոք հանդիպե՞լ և խոսե՞լ է Սերժ Սարգսյանի հետ.
«Ես շատ մարդկանց հետ եմ հանդիպում: Ես չեմ կարող բարձրաձայնել, թե ում հետ եմ հանդիպում»:
Նախարարը նկատեց, որ 2018 թվականից հետո իր պաշտոնավարման համար ցանկությունը կախված է հասարակությունից: