Կատալոնիայի խորհրդարանը քննարկելու է «հանրաքվեի հետեւանքները»
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը: Այդ մասին որոշում է ընդունվել խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում:
Ըստ elmundo.es -ի տղեկատվության՝ «Միասին այո-ի օգտին» խմբակցության առաջնորդ Լուիս Կորոմինասն հայտնել է, որ խորհրդարանը քննարկելու է «հանրաքվեի հետեւանքները», որը կայացել է հոկտեմբերի 1-ին: Խորհրդարանում ելույթ կունենա Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Կորոմինասը չի պարզաբանել, թե կառավարության նիստում ներկայացվելու է արդյոք Կատալոնիայի անկախության հռչակագիրը, բայց ասել է, որ նիստի նպատակը «հանրաքվեի մասին օրենքի կիրառումն է», որը խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 7-ին:
Այդ փաստաթղթի գործողությունն ավելի ուշ կասեցրել է Իսպանիայի Սահմանադրական դատարանը: Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերին:
Հարցին՝ կատալոնական իշխանությունները ինչ են պատրաստվում անել, եթե Մադրիդը մարզի կառավարումը վերցնի իր ուղղակի հսկողության ներքո (ինչը թույլ է տալիս Իսպանիայի Սահմանադրությունը), կամ ձերբակալի իրեն, Պուչդեմոնը պատասխանել է, թե դա «կլիներ սխալ, որը կփոխի ամեն ինչ»: Նա հավելել է, որ ներկայում Մադրիդի եւ իր վարչակազմի միջեւ շփումներ չկան, եւ իր անհամաձայնությունն է հայտնել Եվրահանձնաժողովի հայտարարությանը, որը Կատալոնիայի իրադարձությունները համարել է Իսպանիայի ներքին գործը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: