«Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի թեթև ձեռքով կտրում են խողովակները, թալանում են»

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին Ազգային ժողովի շենքի մոտ` պահանջելով վերագործարկել «Նաիրիտը»: Նրանք նամակներ փոխանցեցին ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորներին, և վերջիններիցս ստացան հավաստիացումներ, որ կզբաղվեն խնդրով: Թե ինչո՞ւ են հենց երկու խմբակցություններին դիմում, նաիրիտցիները նշեցին, որ իշխանավորներն անգամ լսել չեն ուզում «Նաիրիտի» մասին, հույսը միայն ընդդիմադիրներն են:

«Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի թեթև ձեռքով կտրում են խողովակները, թալանում են»,- ասաց գործարանի նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը` ընդգծելով, որ մեխանիկական արտադրամասից խառատի սարքավորումներն են վաճառում՝ որպես ջարդոն:

Նա նշեց, որ իրենց նախորդ դիմումներն անպատասխան են մնացել, վերջին անգամ կառավարությունն է զբաղվել խնդրով, երբ օգոստոսին միջազգային ներդրողներն էին եկել, աուդիտ անցկացնելու հուշագիր պետք է ստորագրեին, բայց այդպես էլ փաստաթուղթը չստորագրվեց:

Նաիրիտցի Սուսաննա Անտոնյանի խոսքով` իշխանության նպատակը գործարանի տարածքը յուրացնելն է: Ըստ նրա` խողովակները հնարավոր է նորով փոխարինել, բայց ներդրողները նեղացել են և այլևս չեն գա Հայաստան, թեև խոստացել են 150 մլն եվրո հատկացնել վերագործարկման նպատակով:

Կարդացեք նաև

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի խոսքով` տարիներ շարունակ իրենք պայքարում են, բայց դեռևս ոչինչ չի փոխվել. «Հուսով ենք, որ կգա մի ժամանակ, որ կգիտակցեն «Նաիրիտի» կենսական կարևորությունն ու իսկապես կնախաձեռնեն գործարանի վերագործարկումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս