Մանրամասներ Նորագավիթում կրակոցների դեպքից. վարկածներ են մշակվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 48-ամյա Ս.Ավագյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։
2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմորագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:
Սամվել Ավագյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիտարկվող հասցեում գտնվող տաղավարում՝ առկա սեղանի և հարակից պատի վրա, հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նմանվող հետքեր:
Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձիք:
Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական համալիր և դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին:
04.10.2017թ.՝ ժամը 06:30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Ս.Ավագյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: