«Նման օրենքները միանշանակ ողջունելի են և բավականին բարդ է լինելու նման օրենքներին դեմ քվեարկելը»
Հայաստանը և Լյուքսեմբուրգը խորացնում են համագործակցությունը օդային հաղորդակցության ոլորտում: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Համաձայնագիրը կնքվել է 2015թ. դեկտեմբերի 8-ին:
«Համաձայնագիրն ուղղված Է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար մրցակցային դաշտի ապահովմանը: Համաձայնագիրը բաղկացած է 25 հոդվածներից և հավելվածից: Հոդվածներով սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտավորությունները, թռիչքային և օդային անվտանգության պահանջների ապահովման դրույթները»,- ասաց Ավետիսյանը:
Հավելվածով սահմանվում է երկու կողմերի ավիաընկերությունների թռիչքներ իրականացնելու քանակը, թույլատրվում է շահագործել երթուղիները օդի 5-րդ ազատության իրավունքով ուղևորափոխադրումների համար և օդի 7-րդ ազատության իրավունքով՝ բեռնափոխադրումների համար:
Համաձայնագրի վավերացման արդյունքում երկու պետությունների միջև օդային հաղորդակցությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, ինչը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հարակից զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ նման համաձայնագրերը միանշանակ բխում են ՀՀ քաղաքացու շահերից, մեծացնում են Հայաստանի հնարավորությունները աշխարհի հետ շփվելու առումով:
«Լյուքսեմբուրգի Դքսության ավիաուղիները Եվրոպայի ամենախոշոր բեռնափոխադրողներն են: Հաշվի առնելով, որ այս տարվա աշնան սկզբին ավիատոմսերի գների հետ լուրջ խնդիրներ առաջացան, նման օրենքները միանշանակ ողջունելի են և բավականին բարդ է լինելու նման օրենքներին դեմ քվեարկելը»,- ընդգծեց պատգամավորը: