ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն այցելել է «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
Սեպտեմբերի 27-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի միջև: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց` առողջության իրավունքից օգտվելու հետ կապված հարցեր, այդ թվում` այդ իրավունքի մատչելիության, հասանելիության առողջապահական ծառայությունների, բժշկական սարքավորումների որակի, ինչպես նաև խտրականության բացառման և առողջության հետ կապված կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Քննարկվեցին նաև քրեկատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության տրամադրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը եղավ «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, լսեց դատապարտյալներին, ծանոթացավ բժշկական ծառայությունների մատուցման և տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին և իրականացված բարեփոխումներին: