ՀՀԿ-ն որոշել է երիտասարդանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ հիմնականում ՀՀԿ-ն պայքարելու է ՀՀԿ-ի դեմ: Բայց ինչպես ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ ՀՀԿ-ն շատ համայնքներում կոնկրետ թեկնածուների չի պաշտպանելու:
Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն՝ Արմավիրում, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը՝ Վայոց ձորում եւ Բերդն ու Աչաջուրը՝ Տավուշի մարզում: Օրինակ՝ Վարդենիս համայնքում 3 ՀՀԿ-ական է մտադիր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Արամ Հարությունյանը եւ երիտասարդ Կարեն Մկրտչյանը:
Հիմա ՀՀԿ բարձրագույն մարմինը ի՞նչ դիրքորոշում ունի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Թադեւոսյանը պատասխանեց. «Դաշտը թողնված է ազատ, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կընտրվի: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաեւ այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: