Բաժիններ՝

Քրեական աշխարհում հայտնի ամբաստանյալը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քրեական աշխարհում հայտնի Մերաբ Կալաշովին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի առաջին մասով՝ Պետական սահմանն ապօրինի հատելը, և դատապարտեց երկու տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, Կալաշովը 2015թ. հուլիսի 16-ից գտնվելով Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, առանց պատշաճ թույլտվության` ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որից հետո` 2016թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ փող. 4/2 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում և բերման ենթարկվել վերը նշված վարչություն:

Ըստ «Փաստինֆոյի»՝ ավելի վաղ, մինչ դատական վիճաբանությունների սկսվելը ամբաստանյալը դատարանում ցուցմունքներ չտվեց, սակայն հայտարարեց, որ ինքը չի կատարել իրեն վերագրվող արարքը, դա զրպարտություն է: Նա նաև հայտարարեց, որ Հայաստանը միշտ համարել է իր Հայրենիքը՝ ամբաստանյալի նախնիները 1915թ. Վանից գաղթել են Հայաստան, ապա տեղափոխվել Վրաստան, որտեղ էլ ծնվել է Մերաբ Կալաշովը:

Մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում և դատապարտել երկու տարվա ազատազրկման: Ըստ մեղադրողի, ինչպես և բոլոր ինքնիշխան պետությունները, այնպես էլ Հայաստանն ունի պետական սահմաններ և դրանք պահպանվում են: Հայաստան մուտք գործել կարելի է միայն օրինական ճանապարհով: Հնարավոր է նաև Հայաստանում գտնվել ապաստան հայցելու հիմքով: Սակայն սա այդ դեպքերից չէ, նշեց մեղադրողը, օրինական ճանապարհով Հայաստան մուտք գործելու մասին Մերաբ Կալաշովի և ևս մի քանի անձանց վերաբերյալ չկա որևէ փաստական տվյալ:
Ամբաստանյալի՝ Հայաստան մուտք գործելն ու գտնվելը ապօրինի է եղել, ուստի նա ենթակա է քրեական պատասխանատվության:

Հաշվի առնելով Ռուսաստանում Կալաշովի ունեցած դատվածությունները (որոնցից վերջինը մարված չէ), մեղադրողը գտավ, որ կարող է առկա լինել հանցագործությունների ռեցիդիվ:

Ամբաստանյալի պաշտպան Արմեն Մելքոնյանը միջնորդեց ճանաչել ու հռչակել իր պաշտպանյալի անմեղությունն ու անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճում: Ըստ պաշտպանի, մեղադրանքը հիմնազուրկ է, գործում չկա գեթ մեկ ապացույց այն մասին, թե երբ ու որտեղից է ապօրինի մուտք գործել ամբաստանյալը Հայաստան: Եթե ապօրինի է մուտք գործել շատ ավելի վաղ, ապա չի՞ կարող, արդյոք, վաղեմության ժամկետն անցած լինել: Պաշտպանն ընդգծեց, որ Մերաբն ապաստանի խնդրանքով դիմել է համապատասխան մարմիններին և նախաքննության ժամանակ ամուսնացել է հայուհու հետ, նպատակը Հայաստանում, որը նա իր Հայրենիքն է համարում, հաստատվելն է եղել:

Մեղադրողն իր ռեպլիկում հայտարարեց, որ գործում առկա են տվյալներ, որ վաղեմության ժամկետն անցած չէ: Մասնավորապես, ըստ գործում առկա փաստաթղթի, Կալաշովը Ֆրանսիայում որպես մեղադրյալ է ներգրավվել «չարագործների խմբի կողմից» գողացված իրերը թաքցնելու, փողերի լվացման գործով, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ըստ մեղադրողի, պետական սահմանը ապօրինի հատելու խրախուսական նորմը գործում է այն դեպքում, երբ անձն առաջին իսկ հնարավորության դեպքում ապաստանի համար դիմում է պետական մարմիններին, մինչդեռ Կալաշովը շուրջ մեկ տարի գտնվել է Հայաստանում և որևէ պետական մարմնի չի դիմել: Դիմել է այն ժամանակ, երբ ձերբակալվել է և նրա նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս